09:12  +04,  29 հոկտեմբերի, 2019

ՀՖՖ մամուլի քարտուղարը` Media officer shadowing ծրագրի, Զիդանի և Ռոբերտո Կարլոսի հետ հանդիպման մասին (ֆոտո)

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը դարձել է ՀՖՖ առաջին ներկայացուցիչը, որը մասնակցել է մեդիա պատասխանատուների համար ՈւԵՖԱ-ի կազմակերպած ծրագրին և ընդգրկվել 4 լավագույնների թվում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ» - «Ռեալ» (0:1) հանդիպմանը ներկա եղած Կարապետյանը հնարավորություն է ստացել անմիջականորեն ծանոթանալ UEFA Media Officer Թուրքեր Թոզարի աշխատանքին: Պրակտիկ ուսուցումը (shadowing) սկսվել է նախախաղային օրվա մեդիա միջոցառումներից և ընդգրկել բուն խաղը ու հետխաղային բոլոր միջոցառումները:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Կարապետյանը պատմել է ծրագրի, տպավորությունների և լեգենդար Ռոբերտո Կարլոսի հետ ծանոթության մասին:

Ծրագրի մասին

«ՈւԵՖԱ-ն հավանեց իմ կողմից գրված «Հետաքրքրվածության նամակը» (Letter of Interest) և հնարավորություն տվեց մասնակցել այս հետաքրքիր ծրագրին: Հաշվի էր առնվում թե այդ նամակը, որում պետք էր նշել, թե ինչու ես ցանկանում մասնակցել Media officer shadowing-ին, և, իհարկե, աշխատանքային փորձը: Հենց այս երկու կետերով ընտրվեցին 4 երկրների ներկայացուցիչներ, որոնցից մեկը ես էի:

Նմանատիպ փորձ արդեն ունեի, քանի որ 2014-2015 թթ. հավաքականի երևանյան խաղերի ժամանակ ես աշխատում էի Media officer-ի պարտականությունները կատարող վրացի Մամուկա Կվարացխելիայի հետ:

Համեմատականներ Հայաստանի հետ

«Կարող եմ ասել, որ նույնիսկ այդ բարձր մակարդակի հետ համեմատելով մեր կազմակերպչական աշխատանքները բավականին լավ մակարդակի վրա են: Բայց ծավալն, իհարկե, տարբերվում է:

Բայց կան նաև հստակ տարբերություններ: Առաջին հերթին խոսքը լրացուցիչ պահանջների մասին է: Կան նաև venue manager (մարզադաշտի հարցերով պատասխանատու) և venue operations broadcasting manager (հեռարձակման գծով պատասխանատու):

Հիմնական տարբերությունն այն էր, որ եթե հավաքականի խաղերի ժամանակ բազմաթիվ մեդիա միջոցառումներ, այսպես ասած, իմպրովիզի վրա են դրված, ապա այնտեղ ամեն ինչ նախօրոք պլանավորված էր: Որոշված էր, թե երբ և որ ֆուտբոլիստը պետք է զրուցի որ լրատվամիջոցի հետ: Հստակ ֆիքսված էր նաև հարցազրույցների տևողությունը:

Իմ մենտորը Թուրքեր Թոզարն էր, որը հանդիսանում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մեդիա հարցերով համակարգողը, նաև` ՈւԵՖԱ-ի media officer-ը։

Սա մեծ փորձ էր ինձ համար: Այն անչափ ուսանելի կլիներ նաև մեր մարզիչների, ֆուտբոլիստների և լրագրողների համար: Պարզապես տեսնել է պետք թե ֆուտբոլիստները, մարզիչներն ու լրագրողները ինչքան լուրջ և մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում մեդիա միջոցառումներին:

Զիդանը, Կարլոսը եւ ընկերները

Օրինակ, Զինեդին Զիդանը խաղից անմիջապես հետո մոտ 40 րոպե զրուցեց տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և նոր միայն գնաց հանդերձարան: Նույնը` ֆուտբոլիստները: Ընդ որում, բոլորը մեծ պատրաստակամություն էին դրսևորում: Փոխադարձ հարգանքի դրսևորումներն, իրոք, ուսանելի էին:

Զիդանը ամեն ինչ նվաճել է որպես ֆուտբոլիստ և մարզիչ, սակայն տեսնել էր պետք, թե ինչպիսի հարգանքով էր նա վերաբերվում բոլորին` լրագրողներից մինչև ստադիոնի աշխատակիցներ: Նույնը կարող եմ ասել Ֆաթիհ Թերիմի մասին: 

Հանդիպեցի նաև Ռոբերտո Կարլոսին, որը մարզադաշտ էր ժամանել «Ռեալի» պատվիրակության հետ: Հաջողվեց կարճատև զրույց ունենալ լեգենդար բրազիլացու հետ: Խաղի ընթացքում Կարլոսը մեկնաբանական խցիկում էր, հավանաբար վերլուծաբանի գործառույթներ էր կատարում հեռուստաընկերություններից մեկի համար:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով




  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ