09:11  ,  25 հոկտեմբերի, 2019

Լիանա Գյուրջյան․ Ուրախ եմ, որ կարողացա շրջանցել բոլոր մրցակիցներիս

Իմ առջեւ խնդիր կար դրված բարձրացնել այն կիլոգրամները, որը կհայտավորեին մարզիչներս: Բոլոր մոտեցումները կատարեցի եւ հաղթեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուխարեստից ասաց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների նորընծա չեմպիոն Լիանա Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 եւ Մ23 առաջնությունում կանանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը 215 կգ երկամարտի արդյունքով չեմպիոն է հռչակվել՝ նվաճելով այս քաշային կարգի բոլոր 3 ոսկե մեդալները. պոկում վարժություն՝ 95 կգ, հրում՝ 120 կգ:

«Ուրախ եմ, որ կարողացա շրջանցել բոլոր մրցակիցներիս: Հավատում էի, որ կկարողանամ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք արել էի մարզումների ընթացքում: Օրինակ՝ Բաթումիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 97 կգ էի պոկել, բայց հրումում 120 կգ-ը դեռ չեմ գերազանցել: Մրցահարթակում հաղթում ես, երբ հավատում ես ուժերիդ, իսկ ես միշտ հավատում եմ իմ ուժերին»,- ասաց մարզուհին:

Նշենք, որ Լիանա Գյուրջյանի անձնական մարզիչը Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում