10:55  +04,  24 հոկտեմբերի, 2019

Ալեքսանդր Գրիգորյան․ Ես կարող եմ հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է մնում Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո։

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանի հետ։

53-ամյա մասնագետը խոսել է Հայաստանի հավաքականը գլխավորելու եւ Հայաստանի առաջնությունում աշխատելու ցանկության մասին։

«Տամբովից» հեռանալու եւ Վարազդատ Հարոյանի մասին

««Տամբովում» կուտակվել էին շատ հանդիպումներ, որոնցում պարտվում էինք ոչ խաղով։ Խաղ կար, իսկ արդյունքը շատ հանդիպումներում դրական չէր։

Նույն այն խաղում «Ուրալի» հետ, որի հաղթական գոլը մեզ խփեց Վարազդատ Հարոյանը, մենք ունեինք զգալի տարածքային առավելություն։

Հարոյանը, որը դառնում է Հայաստանի հավաքականի պաշտպանության առաջատարը, առաջադիմում է եւ գերազանց է միանում գրոհներին Ռուսաստանի առաջնության խաղերում։ Սակայն «Տամբովի» դեմ նա իր լավագույն խաղը չանցկացրեց, թեեւ գոլ խփեց։ Օբուխովը որոշ դրվագներում շատ հեշտ հաղթող էր դուրս գալիս դիրքի համար նրա հետ պայքարում։

Եթե դու ունես առավելություն, բայց պարտվում ես, նշանակում է՝ կամ խաղացողների կատարողական վարպետությունն է ցածր, կամ առկա են այլ ուժեր։ Երկու տարբերակներին էլ չեմ հավատում եւ որոշեցի հեռանալ։

Միշտ կարծել եմ, որ ռուսական Պրեմյեր լիգայում կարելի է հաջող հանդես գալ՝ ունենալով Առաջին դիվիզիոնի խաղացողներից կազմած կորիզ։ Բյուջեն ու աշխատավարձը ֆուտբոլ չեն խաղում։ Վարպետության պակասը կարելի է լրացնել առավելագույն նվիրվածությամբ եւ մարտավարական հասունությամբ»։

Հայաստանի հավաքականը գլխավորելու ցանկության մասին

«Ամեն հայ մարզիչի երազանքն է գլխավորել Հայաստանի թիմը։ Ես էլ բացառություն չեմ։ Բոլոր հիմքերն ունեմ կարծել, որ կարող եմ հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ։ Հիմա ազգային թիմում կան բավական բարձրակարգ եւ մոտիվացված խաղացողներ, որոնց հետ կարելի է հասնել արդյունքի։

Շատերը կարծում են, որ հավաքականի խնդիրը բարձրակարգ խաղացողների պակասն է, բայց ես վստահ եմ, որ Վարդան Մինասյանի ժամանակաշրջանի արդյունքները կրկնելու համար անհրաժեշտ են միասնություն, կարգապահություն եւ ամենագլխավորը՝ բարձր մոտիվացիայի հիմքով գաղափար»։

Հայաստանի առաջնության մասին

«Հետեւում եմ Հայաստանի առաջնությանը։ Այս մրցաշրջանում կա անհավանական մրցակցություն։ Մենք արդեն չենք խոսում սենսացիաների մասին։ Դրա վառ օրինակն է «Գանձասար-Կապանի» հաղթանակը «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։

Հիմա այնպիսի մրցակցություն է, որ դեռ երեկ չեմպիոնության հավակնող ակումբները մտածում են լավագույն 6 թիմերի մեջ հայտնվելու մասին։ Վստահ եմ, որ այսպիսի մրցակցությունը կբերի ֆուտբոլիստների առաջընթացին։

Բազմիցս նշել եմ, որ հետաքրքրված եմ Հայաստանի առաջնությունում աշխատանքով։ Ես հայրենասիրական նպատակներ ունեմ։

Ակումբային մակարդակում կցանկանայի աշխատել նաեւ երիտասարդների հետ։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, որն ունի օրինակ «Ուրարտուն»։ Այդ ակումբում կարելի է զուգահեռ կառուցել ուժեղ թիմ եւ զբաղվել երիտասարդների զարգացմամբ։

Այն, որ ես կաշխատեմ Հայաստանում՝ բացարձակ անխուսափելի է։ Հայաստանի առաջնությունում ես շեշտը կդնեի տեղի խաղացողների վրա»։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ