12:24  ,  20 հոկտեմբերի, 2019

Զիդան․ Շատ վատ անցկացրինք հանդիպման սկիզբը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալյորկայից» կրած 0։1 հաշվով պարտությունը։

«Մենք շատ վատ անցկացրինք հանդիպման սկիզբը։ Առաջին խաղակեսի վերջնամասը վատ չստացվեց։ Ընդմիջումից հետո գերիշխում էինք, բայց հաջողության չհասանք, շատ գոլային պահեր չստեղծեցինք։ Պետք է առաջ շարժվել։ Եթե ցանկանում ենք այս մրցաշրջանում որեւէ բան նվաճել, մեզ պետք է կայունություն։

Մեզ դիմակայում էր շատ մոտիվացված թիմ, որը ոչ արժանիորեն է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում։  

Խնդիրն այն է, որ մեր թիմը ամեն երեք օրը մեկ պետք է ցույց տա, թե ինչքան լավն է։ Մենք պետք է հետեւողական լինենք։

Կադրային խնդիրներն արդարացում չեն։ Ոչ բոլորը վնասվածք ունեն։ Նրանք, ովքեր կարող են խաղալ, պետք է ցույց տան, որ արժանի են լինել «Ռելաում», իսկ վնասվածքներն անխուսափելի են»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիայի առաջնության 9 տուրից հետո «Ռեալը» 18 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է «Բարսելոնայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս