09:20  ,  20 հոկտեմբերի, 2019

Սիմոն Մարտիրոսյան․ Աշխարհի առաջնությունում գերխնդիր եւ ապացուցելու բան ունեի

Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունից դեռ մեկ ամիս էլ չի անցել, բայց ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նորից դուրս կգա մրցահարթակ: Նա կմասնակցի Բուխարեստում մեկնարկած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը:

Հիշեցնենք, որ Թաիլանդում սեպտեմբերի 18-27-ը կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ քաշայինների երկամարտում հավաքելով 429 կգ, պոկում վարժությունում էլ 199 կգ-ով սահմանեց աշխարհի ռեկորդ։

Օլիմպիական փոխչեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է աշխարհի երկրորդ չեմպիոնության, ծանրամարտի, հաղթանակների, մոտիվացիայի, Արցախ այցելության եւ Օլիմպիական խաղերի մասին:  

Մեկ ամիս էլ չի անցել աշխարհի առաջնությունից, որտեղ կրկնեցիր 2018 թվականի արդյունքդ: Ի՞նչ տպավորություններ են մնացել ԱԱ-ից:

Լավ տպավորությունները մնացել են: Չեմպիոն դառնալու զգացողություններս չէին տարբերվում նախորդից, այդքան մեծ տարբերություն չկար: Այս առաջնությունում գերխնդիր եւ ապացուցելու բան ունեի, որն արվեց իմ կողմից: Ինձ համար այս հաղթանակը կարեւորվեց նրանով, որ այն նվիրեցի իմ ընկերոջս՝ Աղասի Աղասյանի վառ հիշատակին:

Չեմպիոնությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ին տված մեկնաբանությունում նշեց, որ Թաիլանդում բարձրացրած կիլոգրամներդ բավարար չեն լինի Օլիմպիական խաղերում հաղթելու համար:

Թաիլանդում նախորդ աշխարհի առաջնության համեմատ ավելի քիչ կիլոգրամներ բարձրացրեցի: Փաշիկ Ալավերդյանը ճիշտ է մեկնաբանում, քանի որ Օլիմպիական խաղերում ավելի բարդ պայքար է գնում, բոլորն էլ ավելի լավ են պատրաստվում. այնպես չէ, որ մենք վատ ենք պատրաստվելու: Վստահ ավելի բարձր կիլոգրամների պայքար է գնալու: Նոր կիլոգրամներ պետք է ցույց տամ, որ հաղթեմ:

Տոկիո-2020-ում Հայաստանի ամենամեծ հույսներից մեկն ես: Ինչպես բոլոր մրցաշարերից, այնպես էլ այս Օլիմպիական խաղերից քեզանից բոլորը սպասում են հաղթանակ: Պարտավորցենող չէ՞:

Այդ սպասելիքներն ինձ մոտիվացնում են: Իրականում՝ մրցաշրջանների ընթացքում երբեք մրցումների մասին չեմ մտածում: Շատ մարզիկներ կան մինչեւ բուն մրցելույթը, արդեն ավարտում են մրցումը. ֆիզիկապես եւ հոգեպես վերջանում են՝ մրցման մասին շատ մտածելուց: Ես աշխատում եմ շատ չմտածել: Կարեւորն իմ մարզումներն են, ճիշտ օրակարգով առաջնորդվելն ու ամեն ինչ լավ կլինի:

Ի՞նչն է քեզ մոտիվացնում սպորտում: Որտեղի՞ց քեզ այդքան ուժ:

Մամայից ու պապայից (ծիծաղում է): Իմ ուժն ինքս ինձ հավատալուց է գալիս: Եթե ինքդ քեզ, քո հնարավորություններին չհավատաս, ոչ ոք չի հավատա ու ամեն ինչ ապարդյուն կլինի:

 Տաղանդ, անձնական մարզիչ, թիմի գլխավոր մարզիչ եռանկյունում ո՞րն է գլխավորը:

Յուրաքանչյուր հաղթանակ այս շղթայի միասնական աշխատանքն է: Եթե երեք կողմի համատեղ աշխատանքը չլինի, ոչ մի հաղթանակ չենք ունենա: Եթե կա տաղանդ, բայց չկա մարզիչ, ուրեմն չի լինի արդյունք: Իմ առաջին մարզիչը հենց սկզբից եղել է Աշոտ Փիլոսյանը: Նա ինձ ծանրամարտի տառերը սովորեցրեց, ուժեղացրեց, տվեց հավաքականին: Արդեն թիմի մարզիչն այնքան խելացի ու լավը պետք է լինի, որ մարզիկի ունեցածն օգտագործի եւ կարողանա ավելացնել, ինչը արեց Փաշիկ Ալավերդյանը: Իմ պարագայում մեդալները բոլորի աշխատանքի արդյունքն է:

Հաղթանակը մեկինը չի լինում: Հաղթանակը ոչ միայն մարզիկ-մարզիչ աշխատանքի արդյունքն է, այլեւ բոլոր այն մարդկանցը, ովքեր քեզ օգնել են, ուժ տվել, ոգեշնչել, ուրախացել քո հաղթանակով: Հաղթանակն այն ընտանիքինն է, որտեղ միջոցների բացակայության պարագայում ծնողները հայթայթում եւ ստեղծում են պայմաններ ու առաջ տանում իրենց երեխաներին: Ամեն ինչ սկսվում է հենց այդտեղից՝ ընտանիքից, հետո անձնական մարզիչ ու նոր հավաքականի մարզիչ:

Մրցահարթակում միշտ շատ վստահ տեսք ունես, ասես՝ ամիսների դժվար ու ծանր մարզումները դու չես անցկարցել, այդ կիլոգրամներն էլ քեզ համար ոչինչ են: Ինպե՞ս ես կարողանում հաղթահարել լարվածությունդ:

Իմ վստահությունը պայմանավորված է մարզավիճակովս: Ես վստահ եմ այն ժամանակ, երբ ունեմ լիարժեք մարզավիճակ: Փորձում եմ զերծ մնալ ավելորդ լարվածությունից: Եթե ես չունենամ լավ մարզավիճակ, այդ պարագայում էլ լարվածություն, մտավախություն չեմ ունենում, թե այսքան կիլոգրամ չեմ կարողանալու բարձրացնել, թե որ տեղն եմ զբաղեցնելու:  Մտածում եմ միայն անել այն, ինչ տվյալ պահին կարող եմ, ինչ թույլ կտա այդ պահին իմ մարզավիճակը: Ամեն անգամ ծանրաձողը բարձրացնելիս իմ առջեւ մեկ գերխնդիր եմ դնում՝ անձնական ռեկորդ անել:

Ծանրաձողին մոտենալիս վերջին պահին «բղավում» ես: Ինքնաբերաբա՞ր է ստացվում:

Այո, դա իմ կենտրոնանալու վերջին կետն է: Ամեն մեկը մի ձեւ է կենտրոնանում, ես այդպես: Այդկերպ հեռացնում եմ բոլոր այլ մտքերս, հավաքվում եմ եւ կենտրոնանում ծանրաձողի ու իմ վարժության վրա: Ինձ այդպես տրամադրում եմ ծանրաձողը բարձրացնելուն:

Սիմոն, վերջին օրերին Արցախում էիր թիմի հետ՝ ծանրամարտի Արցախի բաց առաջնությանը: Շրջանառվում են լուրեր, որ այնտեղ նախատեսվում է բացել քո եւ Նազիկ Ավդալյանի անվան մարզադպրոցներ: Ճի՞շտ է:

Արցախ էինք մեկնել հետեւելու ծանրամարտի բաց առաջնությանը: Շատ հետաքրքիր անցավ: Այնտեղ գտնվելու օրերին Արցախի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Շիրինյանը ցանկություն հայտնեց իմ, Նազիկ Ավդալյանի, Գոռ Մինասյանի անվան մարզադպրոցներ բացել: Թե դա երբ կլինի, պարզ չի: Ծրագրվում է 3-4 մարզադահլիճներ բացել: Շատ լավ նախաձեռնություն է: Ինձ համար կապ չունի՝ իմ անունով է, թե մեկ ուրիշի, կարեւորը մարզաձեւը զարգանա, մասսայականություն վայելի: Այնտեղ այդքան էլ զարգացած չէ, բայց մեծ ջանքեր ու միջոցներ են գործադրվում: Պատանիների բաց առաջնություն էր, մասնակիցները շատ էին: Մենք էլ մեր մասնակցությունն ունեցանք՝ ցուցադրական ելույթներով հանդես եկանք, որպեսզի պատանիներին ոգեշնչենք:

Ինչպիսի՞ն ես տեսնում հայկական ծանրամարտի ապագան:  Այս պահին ծանրամարտի Հայաստանի թիմը աշխարհի ուժեղագույններից է: Ձեզանից հետո եկող ինչպիսի՞ փոխարինող սերունդ ունենք:

Այս պահին իմ, Գոռի եւ մյուսների քաշային կարգերում փոխարինողներ չունենք: Համաձայն եմ, որ շատ ուժեղ թիմ ունենք: Բայց դեռ մեզ փոխարինելու ժամանակը չէ: Մենք դեռ բավական երիտասարդ ենք: Միայն Ռուբեն Ալեքսանյանն է տարիքով մեծ: Երիտասարդների, պատանիների մեջ ունենք ուժեղ, հեռանկարային տղաներ: Կարծում եմ՝ մինչեւ մեզ փոխարինելու ժամանակը գա, այդ տղաները կգան կհավասարվեն մեզ եւ նույնիսկ կանցնեն:

Ինքդ կցանկանա՞ս, որ քո երեխան զբաղվի ծանրամարտով:

Եթե որդի ունենամ ու նա ցանկություն հայտնի զբաղվել ծանրամարտով, դեմ չեմ լինի: Երբեք չեմ պարտադրի, ինձ համար դա անընդունելի է: Կան մարզիկներ, որ մասնագիտացած են որեւէ մարզաձեւում եւ իրենց երեխաներին համոզում են, որ ամենալավն իրենց ընտրած մարզաձեւն է: Իմ ապագա երեխաներին միայն կաջակցեմ՝ որ մարզաձեւով էլ ցանկանան զբաղվել:

Իսկ քո ծնողները երբեւէ դեմ եղե՞լ են ծանրամարտին:

Շատ է եղել, որ մայրս ասել է՝ բարդ է, մի զբաղվիր ծանրամարտով: Յուրաքանչյուր ծնողի մտավախությունն է՝ վնասվածքներ, ծանր մարզաձեւ: Բայց հայրս երբեք դեմ չի եղել: Մեկ-մեկ պատժելու համար ինձ ասում էր՝ չես գնալու մարզումների:

Սիմոն, քեզ սիրում են, քեզանով մի ամբողջ ազգ հպարտանում է: Հայտնի լինելը հաճելի՞ է, թե՞ խանգարող:

Հա՞, սիրու՞մ են (ծիծաղում է): Հաճելի է, բայց երբեմն էլ խանգարող: Հաճելի է, որ բոլորի ուշադրության կենտրոնում ես: Հպարտանում ես, քեզ լավ ես զգում, որ մարդիկ ճանաչում են, գնահատում եւ ուրախանում են քո արած աշխատանքով: Բայց կա մյուս կողմը՝ նաեւ խանգարում է, որ չես կարողանում ազատ լինել, ինչպես բոլորը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով