14:11  ,  16 հոկտեմբերի, 2019

Հակոբ Սերոբյան․ Գերմանիայի դեսպանատունը խնդիրներ է ստեղծում թիմի համար

Գերմանիայի դեսպանատունը մուտքի վիզա տրամադրելու համար մարմնամարզիկներին օր չի տալիս, խնդիրներ է ստեղծում թիմի համար։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Թիմը պետք է նոյեմեբերին մեկնի Գերմանիա՝ աշխարհի գավաթի խաղարկության, որը օլիմպիական վարկանիշային է։

«Առջեւում ունենք մի քանի վարկանիշային մրցաշարեր՝ աշխարհի գավաթի փուլեր եւ վարկանիշային Եվրոպայի առաջնություն, որը տեղի է ունենալու 2020 թվականին Բաքվում։ Մենք հասկանալի պատճառներով չենք մասնակցելու: Ճիշտ է՝ միջազգային ֆեդերացիայի ադրբեջնացի նախագահն անձամբ ինձ ասել է, որ կարող ենք հանգիստ մասնակցել, բայց եթե Հայաստանում սպորտի ղեկավարությունը մեզ ասի մի գնացեք, չենք մասնակցի

Կմասնակցենք Գերմանիայի Քոթբուս քաղաքում եւ Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելի աշխարհի գավաթի խաղարկության փուլերին։

Եթե Քոթբուսում հաղթենք, կմասնակցենք նաեւ Ավստրալիայի մրցաշարին: Եթե չհաղթեցինք, իմաստ չունի այդքան գումար ծախսել: Ամեն դեպքում ծրագրում ենք, բայց կանգնել ենք խնդրի առաջ:  Գերմանիայի դեսպանատունը մեզ համար խնդիրներ է ստեղծում. օր եւ ժամ չի տալիս, որ նախապես ստանանք մուտքի վիզա:

Ասում են՝ եկեք նոյեմբերի 18-ին, բայց այդ օրն արդեն պետք է մեկնենք: Հյուպատոսի քայլերը չեմ հասկանում, չի ընդունում, օր չի տալիս: Ինձ համար զարմանալի է:

Դիմել ենք աշխարհի գավաթի խաղարկության կազմկոմիտե: Փորձել են կապվել, բայց Գերմանիայի հյուպատոսը չի պատասխանում: Ես չգիտեմ՝ ինչի հետ է կապված, բայց փաստի առաջ ենք կանգնած: Այսպիսի բան առաջին անգամ է մեզ հետ լինում:

Պետք է փորձենք ամեն տարբերակ, որպեսզի այդ գավաթի խաղարկություններին կարողանանք մասնակցել: Եթե երեք գավաթներին մասնակցենք ու հաղթենք, ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենանք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է նաեւ հոկտեմբերի 4-12-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունը։

Հիշեցնենք, որ Շտուտգարտում Հայաստանն ունեցավ երեք ներկայացուցիչ՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան եւ Արթուր Թովմասյան: Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճեց անվանական օլիմպիական ուղեգիր: Մյուս երկու մասնակիցները ուղեգիր չնվաճեցին:

«Աշխարհի առաջնության գնացել էինք օլիմպիական ուղեգրերի հետեւից: Նախորդ տարիների համեմատ, այս առաջնությունում օլիմպիական ուղեգրեր նվաճելու կարգում բազմաթիվ փոփոխություններ էին եղել: Բազմամարտում խաղարկվում էին անվանական ուղեգրեր: Արթուր Դավթյանը 9-րդ տեղով նվաճեց ուղեգիր: Բազմամարտում բարձր տեղ գրավելը շատ բարդ էր: Դավթյանի վարժությունը թեթեւացրել էինք շուրջ երկու բալ: Նա պատվով կատարեց եւ անմիջապես անվանական ուղեգիր նվաճեց:

Արթուր Թովմասյանի առջեւ օղակների վարժությունում խնդիր էր դրված մտնել եզրափակիչ՝ 8 լավագույնի մեջ: Նա 8-րդ տեղով մտավ եզրափակիչ, իսկ դա նշանակում է նա աշխարհի 8 լավագույններից մեկն է օղակների վարժությունում: Նա շատ լավ կատարեց իր վարժությունը, բայց ցատկում սխալվեց՝ քայլ անելով: Ես փորձեցի նրա հետ խոսել, բայց ինքն էլ չի կարողանում բացատրել, թե ինչու այդպիսի սխալ թույլ տվեց: Մարզումների ընթացքում շատ լավ կատարում է, դիմավորելիս մաքուր ցատկում: Բայց գնաց այնտեղ ձախողեց: Եթե քայլ չաներ, նա ռեալ չեմպիոն կարող էր լինել: Արթուր Թովմասյանի ոտքը վիրահատած է: Ենթադրում եմ, որ նա ուղղակի զգուշացավ այդ արագության տակ կտրուկ ցատկ կատարել, քանի որ օղակների վարժության գորգը փափուկ չէ: Նոր են ցանկանում փոփոխել եւ փափուկ գորգ դնել: Եթե փափուկ գորգ լիներ, Արթուր Թովմասյանը չէր զգուշանա եւ փայլուն ցատկ կկատարեր:

Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանին, ես նրա մասնակցությունից գոհ եմ: Վարժությունը լավ կատարեց, բայց տարիքն իր դերն ունեցավ, քանի որ նժույգի վարժությունում նոր երիտասարդներ կան եւ ավելի բարդ վարժություններ են կատարում»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում