17:07  ,  15 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020. Ֆինլանդիա - Հայաստան․ անոնս

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին Տուրկու քաղաքում կհյուրընկալվի Ֆինլանդիայի հավաքականին: Թիմերը  կհանդիպեն 6-րդ անգամ․ 2-ական անգամ մրցել են 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում ու Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում: 2004-ին Ֆինլանդիայի հավաքականը Հայաստանի թիմի նկատմամբ 2 հաղթանակ է տարել ԱԱ-2006-ի ընտրական փուլում (2:0, 3:1): Թիմերը եւս 2 անգամ հանդիպել են Եվրո-2006-ի ընտրական մրցաշարում, որտեղ Հայաստանի հավաքականը Երեւանում գոլազուրկ ոչ ոքիով է ավարտել հանդիպումը, իսկ հյուրընկալվելիս պարտվել է նվազագույն հաշվով:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբում Հայաստանի եւ Ֆինլանդիայի թիմերի առաջին դիմակայությունը կայացել է մարտի 26-ին: Դա Հայաստանի հավաքականի առաջին տնային հանդիպումն էր Եվրո-2020-ի ընտրական փուլում: J խմբի երկրորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին:

Եվրո-2020-ի ընտրական փուլում 2 թիմերն էլ նախորդ խաղերն անցկացրել են 3 օր առաջ: Հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը Վադուցում մրցեց Լիխտենշտեյնի թիմի հետ եւ հանդիպումն ավարտեց 1։1 հաշվով: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը՝ բավարարվելով 1 միավորով։

Նույն օրը Ֆինլանդիայի հավաքականը հյուրընկալվեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին եւ պարտվեց 1:4 հաշվով:

Արդյունքները

Եվրո-2020 ընտրական մրցաշարի 7-րդ տուրում J խմբի առաջատար Իտալիան Ժորժինյոյի եւ Բեռնարդեսկիի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով պարտության մատնեց Հունաստանի հավաքականին։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը տարավ 7-րդ հաղթանակը եւ 21 միավորով արդեն նվաճել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ 12 միավորով երկրորդ տեղում է Ֆինալդիան: Հայաստանի հավաքականը 7 խաղից հետո ունի 10 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում ընթացող Բոսնիա-Հերցեգովինան:

Սպասելիքները

Հայաստանի հավաքականը Եվրո-2020 ընտրական փուլի մրցաշարում երկրորդ խաղն է անցկացնելու առանց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի: Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց Լիխտենշտեյնի դեմ խաղը: Բաց է թողնելու նաեւ Ֆինլանդիայի հետ դիմակայությունը:

Արմեն Գյուլբուդաղյանցը Տուրկուում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում հույս է հայտնել, որ առանց առանջորդի եւ ամենակարեւոր խաղացողի, թիմը ֆինների հետ պայքարում համախմբված կգործի եւ լավ արդյունք կարձանագրի:

«Թիմն ընկճված չէ: Ամեն ինչ կանենք, որպեսզի լրացնենք Մխիթարյանի բացը: Մխիթարյանը աջակցել է մեզ այս խաղից առաջ, դա մեզ մեծ ուժ է տալիս: Բոլորս պատրաստ ենք պայքարի: Շատ մարտական ենք տրամադրված: Ֆինլանդիայի հետ խաղում պետք է մեր լավագույն խաղը խաղանք եւ հաղթենք: Խաղը ցույց կտա` ռիսկի կգնանք, թե ոչ»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականի «դիրքը»

Հայաստանի հավաքականի համար Ֆինլանդիայի հետ խաղը որոշիչ է լինելու Եվրո-2020 եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու համար: J խմբում երկու միավորով հետ լինելով երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիայից, Հայաստանի հավաքականը հաղթանակից բացի, ոչ մի այլ արդյունքով գործնականում շանս չունի եզրափակիչ փուլ դուրս գալու համար:

Հայաստանի հետ հավասար միավորներով երկրորդ տեղի համար է պայքարում նաեւ Բոսնիա-Հերցեգովինան: Հոկտեմբերի 15-ին Բոսնիա-Հերցեգովինան կհյուրնըկալվի Հունաստանի հավաքականին, ինչը եւս որոշիչ է լինելու Բոսնիայի համար:

Եթե Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն այսօրվա խաղում պարտվի, ֆինները 15 միավորով կամրապնդվեն երկրորդ տեղում: Լավագույն դեպքում Հայաստանը հաջորդ երկու՝ Հունաստանի եւ Իտալիայի հետ խաղերում պետք է հաղթի, իսկ Ֆինլանդիան վերջին երկու խաղերում պարտվի, որպեսզի Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցնի: Չմոռանանք նաեւ Հայաստանի հետ հավասար միավորներով երկրորդ տեղի համար պայքարող Բոսնիա-Հերցեգովինային:

Մրցավարական կազմը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի Ֆինլանդիա - Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանական Պրիմերան սպասարկող Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն իսպանացիներ Դիեգո Բարբերոն եւ Անխել Նեւադոն։ Չորրորդ պաշտոնյան է իսպանացի Խուան Մարտինես Մունիերան։

Բուքմեյքերների կարծիքը

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի հաղթանակի հնարավորությունը բուքմեյքերների կողմից գնահատվել է 6.50 գործակցով: Ոչ ոքին ստացել է 4.00, Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակը՝ 1.60 գործակիցը:

Եվրո-2020, ընտրական փուլ, J խումբ, 8-րդ տուր, հոկտեմբերի 15

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Տուրկու քաղաքի «Վերիտաս» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով