18:10  ,  15 հոկտեմբերի, 2019

Ռոնալդու․ Սա հրաշալի պահ է իմ կարիերայում, բայց այն ունի դառնություն

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր 700-րդ գոլը կարիերայում։ 34-ամյա հարձակվողը հոկտեմբերի 14-ին խփել է 700-րդ գոլը կարիերայում։ Նա 11 մետրանոցից աչքի էր ընկել Ուկրաինայի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի խաղում։ Ուկրաինան հաղթել էր 2։1 հաշվով եւ նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

«Սա հրաշալի պահ է իմ կարիերայում, բայց այն ունի դառնություն, քանի որ չհաղթեցինք։ Սակայն պետք է հպարտ լինենք, քանի որ գերազանց հանդիպում անցկացրինք։

Ինչո՞ւ հայացքս ուղղեցի դեպի երկինքը 700-րդ գոլից հետո։ Ամեն մեկը չի կարող հասնել այսպիսի ցուցանիշի։ Շնորհակալ եմ թիմակիցներիս, մարզիչներիս եւ բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ հասնել այս ցուցանիշին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

700 գոլը Ռոնալդուն խփել է 974 խաղում։ Դրանցից 458 խաղում նա գոլ է խփել։

«Սպորտինգում» անցկացրած 31 խաղում Ռոնալդուն խփել է 5 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդում» նա 292 խաղում աչքի է ընկել 118 անգամ։ Մադրիդի «Ռեալում» Ռոնալդուն մասնակցել է 438 հանդիպման՝ խփելով 450 գոլ։ Թուրինի «Յուվենտուսում» Ռոնալդուն 51 խաղում 32 անգամ գրավել է մրցակցի դարպասը, Պորտուգալիայի հավաքականում նա 162 խաղում խփել է 95 գոլ։

Ռոնալդուն պատմության մեջ 6-րդ խաղացողն է, որին հաջողվում է 700 գոլ։ Նախկինում այսպիսի ցուցանիշ ունեցել են բրազիլացիներ Պելեն ու Ռոմարիոն, ավստրիացի Յոզեֆ Բիցանը, գերմանացի Գերդ Մյուլերը եւ հունգարացի Ֆերենց Պուշկաշը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում