22:05  ,  12 հոկտեմբերի, 2019

Հակոբ Սերոբյանը՝ Շտուտգարտից․ Արթուր Թովմասյանը ձեռքից բաց թողեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ օլիմպիական ուղեգիրը

Արթուր Թովմասյանը իդեալական աշխատեց վերեւում մինչեւ ցատկը: Նա ձեռքից բաց թողեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ օլիմպիական ուղեգիրը, քանի որ ուներ հաղթելու բոլոր հնարավորությունները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շտուտգարտից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանի մրցելույթը: Նա գրավեց 7-րդ տեղը եւ չնվաճեց 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

«Արթուր Թովմասյանը բացի ցատկից, վարժությունը գերազանց կատարեց: Ցատկին շատ միավոր կորցրեց: Եթե ցատկի ժամանակ քայլ չաներ, միանշանակ մեդալ էր նվաճում: Ուղեգիր չնվաճեցինք, քանի որ մեդալներ նվաճած երկրները՝ Թուրքիան, Իտալիան եւ Ֆրանսիան ուղեգիր չունեին: Մենք մնացինք առանց ուղեգրի: Այնպես որ ոչ մի ուղեգիր չի լինի, մինչեւ Արթուր Թովմասյանը չսովորի ցատկի ժամանակ կանգնել: Եթե նախկինում մի քայլ էր անում, այսօր մի քանի քայլ արեց: Ցատկը շատ վատ էր: Նա լիարժեք հնարավորություն ուներ դառնալ աշխարհի չեմպիոն: Ոսկե մեդալ նվաճած թուրք մարմնամարզիկն այն մարզիկն է, ում Արթուր Ավետիսյանն էլ է հաղթել: Արթուր Թովմասյանը վերեւում բոլորից լավ կատարեց վարժությունը. Մինչեւ ցատկն ամենալավն արեց՝ մաքուր եւ իդեալական: 6-7 տասնորդական միայն կորցրեց ցատկի ժամանակ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր: Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր նվաճեց միայն Արթուր Դավթյանը՝ բազմամարտում:

«Այս պահին ունենք միայն մեկ օլիմպիական ուղեգիր՝ Արթուր Դավթյանի անվանական ուղեգիրը: Առջեւում կան վարկանիշային աշխարհի գավաթի խաղարկություններ Քոթբուսում, Դոհայում: Մասնակցելու ենք այդ աշխարհի գավաթներին, փորձելու ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ուղեգիր նվաճենք, բայց իրականում ուղեգիր նվաճելու հնարավորությունները շատ քիչ են՝ 00,1 տոկոս: Արթուր Թովմասյանը ուսի վնասվածք ունի, պետք է բուժի: Քոթբուսում կայանալիք աշխարհի գավաթին նա չի մասնակցի: Այնպես որ՝ գրեթե շանսեր չունենք»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում մասնակցել էին նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եւ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հարություն Մերդինյանը նժույգի վարժությունում 13-րդն էր, Արթուր Դավթյանը բազմամարտում 9-րդ տեղով նվաճեց օլիմպիական ուղեգիր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով