16:53  +04,  11 հոկտեմբերի, 2019

Մ-21 Եվրո-2021․ Հայաստանն ուժեղ էր Լյուքսեմբուրգից

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի երիտասարդական թիմը իսպանացի Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ Գյումրիում ընդունեց Լյուքսեմբուրգի Մ-21 թիմին եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

41-րդ րոպեին հեռացվեց հյուրերի դարպասապահ Թիմ Կիպսը, որը տուգանային հրապարակից դուրս թույլ տվեց վերջին հույսի խախտում։

Հայ ֆուտբոլիստները թվային առավելությունը գոլի վերածեցին 56-րդ րոպեին։ Աչքի ընկավ «Շիրակի» կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։ Գոլային փոխանցումը կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։

86-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը, որն օգտագործեց «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանի փոխանցումը։

Ավելացված ժամանակում հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն սեյվի հեղինակ դարձավ «Փյունիկի» դարպասապահ Սեւակ Ասլանյանը։

Առաջին խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով չորրորդ տեղում է, Լյուքսեմբուրգը չորս խաղում չորս պարտությունից հետո վերջինն է։

Ընտրական մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվել է Իռլանդիային (0:1) եւ Իսլանդիային (1:6)։

Հոկտեմբերի 14-ին Երեւանում Հայաստանի Մ-21 թիմը կմրցի իտալացիների հետ:

Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլ, երրորդ տուր

Հայաստան - Լյուքսեմբուրգ՝ 2։0

Ռուդիկ Մկրտչյան, 56, Արթուր Դանիելյան, 86

Չիրացրած 11մ՝ Բելմին Մուրատովիչ (Լյուքսեմբուրգ), 90+4

Հեռացում՝ Թիմ Կիպս (Լյուքսեմբուրգ), 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: