11:11  +04,  11 հոկտեմբերի, 2019

Կամո Հովհաննիսյանն անհատական ծրագրով մարզվում է Երեւանում

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը վնասվածքից հետո շարունակում է անհատական մարզումները Երեւանում։ Նա չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։ Սակայն առաջիկա օրերին վերականգնվելու դեպքում, Կամո Հովհաննիսյանը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին կմիանա Ֆինլանդիայի դեմ ընտրական հանդիպմանը, որը հոկտեմբերի 15-ին է։

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը մկանային վնասվածքից հետո բուժման էր մեկնել Սերբիա եւ վերադարձել  Երեւան։ Նա հավաքականի մարզումային հավաքին հրավիրված խաղացողներից էր։ 

«Ժետիսուի» ֆուտբոլիստը մկանային պատռվածք էր ստացել «Աստանայի» դեմ Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի խաղի մեկնարկում եւ փոխարինվել էր արդեն 8-րդ րոպեին։ Ղազախստանի ընթացիկ առաջնության 25 խաղում Կամո Հովհաննիսյանը խփել է 5 գոլ։

Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումները բաց կթողնի նաեւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով