10:20  ,  11 հոկտեմբերի, 2019

Թոմաս Մյուլեր․ Ես շատ հավակնոտ եմ պահեստային խաղացողի դերի համար

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մտադիր չէ համակերպվել պահեստային խաղացողի կարգավիճակի հետ եւ մեկնարկային կազմում մշտական տեղ չունենալու դեպքում մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գերմանական ակումբից, հաղորդում է Kicker-ը։

«Իհարկե, դժգոհ եմ այս վիճակից։ Ես ընդամենը 30 տարեկան եմ, ունեմ տիտղոսներ նվաճելու մեծ ցանկություն։ Վստահ եմ, որ դեռ կարող եմ օգնել թիմին։

Մարզիչն ամեն խաղից առաջ կազմի հետ կապված բարդ որոշումներ է ընդունում, բայց նախորդ հանդիպումների միտումն ինձ երջանիկ չի դարձնում։ Եթե մարզչական շտաբն ապագայում էլ ինձ տեսնում է միայն պահեստային խաղացողի դերում, ես ստիպված կլինեմ լրջորեն մտածել այդ մասին։ Ես շատ հավակնոտ եմ այդ դերի համար»,- ասել է Թոմաս Մյուլերը։

Գերմանացի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ներկայացրել է միայն «Բավարիան», որի հետ մասնակցել է 495 հանդիպման, խփել 186 գոլ։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում