09:09  ,  8 հոկտեմբերի, 2019

Արթուր Սարկիսով․ Հավաքականում փոխվում էին մարզիչներն ու խաղացողները, բայց ես միշտ պահեստային էի (ֆոտո, վիդեո)

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 16-րդ տուրում «Ենիսեյը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով պարտության մատնեց «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերի երրորդ գոլը խփեց հարձակվող Արթուր Սարկիսովը, որն արդեն տեւական ժամանակ հրավեր չի ստանում Հայաստանի հավաքականից։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր մարզավիճակի, խոսել ազգային հավաքականի մասին։

«Երկար ժամանակ է անցել վնասվածքիցս հետո։ Հիմա ամեն ինչ լավ է, գերազանց մարզավիճակում եմ։ Ուրախ եմ, որ դարձյալ կարողացա գոլ խփել պաշտոնական խաղում։

Ես գործնականում 8 տարի, առաջինից մինչեւ վերջին հրավեր միացել եմ Հայաստանի հավաքականին, ոչ մի անգամ չեմ կասկածել, չեմ մտածել, անմնացորդ նվիրվել եմ ազգային թիմին, սակայն ինչքան էլ փոխվեին մարզիչներն ու ֆուտբոլիստները, միշտ եղել եմ պահեստային։ Մի՞թե արժանի չեմ եղել գոնե շանսի մի քանի հանդիպում լինել մեկնարկային կազմում։

Այնպես ստացվեց, որ մի քանի անգամ չկարողացա միանալ թիմին նախ՝ վնասվածքի հետեւանքով, ապա՝ ինստիտուտում դիպլոմիս պաշտպանության պատճառով։ Դրանից հետո ինձ այլեւս չհրավիրեցին։ Բայց ես նախկինի նման ամեն օր դուրս եմ գալիս խաղադաշտ եւ ցուցադրում եմ իմ հնարավորությունների առավելագույնը»,- նշեց Սարկիսովը։

Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանի 13 խաղում Արթուր Սարկիսովը «Ենիսեյում» խփել է 1 գոլ։

Հայաստանի հավաքականում Սարկիսովն անցկացրել է 39 հանդիպում, խփել 6 գոլ։ Նախորդ անգամ նա ազգային թիմում խաղացել է մեկ տարի առաջ՝ փոխարինման դուրս գալով Ջիբրալթարի դեմ Ազգերի լիգայի խաղում (0։1)։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով