14:02  ,  30 սեպտեմբերի, 2019

«Փյունիկի» սեփականատեր․ Եթե չստեղծենք պրոֆեսիոնալ լիգա, մեծ զարգացում հայկական ֆուտբոլում չի լինի

Եթե չստեղծենք պրոֆեսիոնալ լիգա, մեծ զարգացում հայկական ֆուտբոլում չի լինի, ասել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Անցավ ուղիղ մեկ տարի, ինչ փոխվել է ֆեդերացիայի ղեկավարությունը: Ես` որպես ներդրող և ակումբի սեփականատեր համարում եմ, որ կան փոփոխություններ: Կառանձնացնեմ երկուսը: Նախ՝ ստեղծվեց ԲԿՄԱ-ն, որը հնարավորություն է տալիս մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների շարունակել կարիերան: Երկրորդ փաստն այն է, որ հրավիրվել են օտարերկրացի մասնագետներ, որոնք մեծ օգուտ են բերում հայկական ֆուտբոլին։ Սակայն, այլ փոփոխություններ, անկեղծ ասած, չեմ տեսնում: Առաջնությունը ուժեղացել է, ավելի շատ են ներդրումները, ուժեղացել են ակումբները: Կարևորում եմ լեգեոներների լիմիտի հարցը, որը հնարավորություն կտա ակումբներին կենտրոնանալ սեփական կադրեր պատրաստելու վրա:

Սակայն, կա նաև մեդալի հակառակ կողմը: Օրինակ, «Արարատ-Արմենիան» վերջերս «փախցրեց» մեր 6 պատանի ֆուտբոլիստների: Մենք սառեցրել ենք որոշ ծրագրեր: Օրինակ, Ստեփանավանում մասնաճյուղ ստեղծելը: Շատ մեծ խնդիր է ենթակառուցվածքների հարցը: «Երևանը» խաղում է Վանաձորում, «Հանրապետականում» շուտով սկսվելու է վերանորոգում: Եթե մենք չստեղծենք պրոֆեսիոնալ լիգա, ապա մեծ զարգացում հայկական ֆուտբոլում չի լինի: Կոչ եմ անում բոլոր ակումբներին քննարկել լիգայի ստեղծումը, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է: Պետք է սկսել գործընթացը, որն առնվազն մի քանի ամիս կտևի: Եվս մեկ ցավոտ հարց. Արտակ Սիմոնյանի վերադարձը: Այս մրցավարը մեզանից պարզապես խլեց չեմպիոնությունը նախորդ մրցաշրջանում:

Այդ դրվագի պատճառով մի շարք ֆուտբոլիստներ հրաժարվեցին տեղափոխվել մեր ակումբ և հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Ֆեդերացիան հայտնեց հետաքննության մասին, սակայն ոչ մի տեղեկություն այդ առումով այդպես էլ չստացանք: Խնդիրը ոչ այնքան Արտակ Սիմոնյանի մեջ է, այլ ֆեդերացիայի մոտեցման: ՀՖՖ-ն այսպիսով ցույց տվեց, որ իրեն ամեն ինչ բավարարում է: Եթե նմանատիպ խնդիրները չլուծվեն, առաջնությունների սկանդալային հանգուցալուծումները կարող են կրկնվել: Դրական է, երբ քննադատությունը ճիշտ է ընդունվում և եզրակացություններ են լինում: Եթե փոփոխություններ չտեսնենք, միգուցե, դուրս կգանք առաջնությունից: Կոչ եմ անում լսել մեզ և կառուցողական քննարկումներ և փոփոխություններ ունենալ: Մենք պատրաստ ենք մարզադաշտ կառուցել: Սակայն, խոստումները դեռ չեն կատարվել:

Ջեվան Չելոյանցը ճիշտ վարվեց, երբ հանեվ «Բանանցին» խաղադաշտից` հայտնելով իր անհամաձայնությունը մրցավարական նշանակման հետ: Կարծում եմ, որ կարող ենք փոփոխությունների հասնել միայն միասին: Եթե մեզ չծանոթացնեն հետաքննության ընթացքի հետ և մեր խաղին կրկին նշանակվի Արտակ Սիմոնյանը, կհանենք թիմը խաղադաշտից։

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Տալալաևի աղմկահարույց հարցազրույցը ինձ մոտ շատ հարցեր առաջացրեց: Ավելի շատ էմոցիոնալ հայտարարություններ էին: Դաշտի խնդիր հիմա էլ կա:

3 անգամ Սոչիում թանկ հավաքներ անցկացրեցինք առաջնության ընթացքում»,- նշեց Արթուր Սողոմոնյանը:

Հայաստանի առաջնության 8 խաղից հետո «Փյունիկը» 12 միավորով 6-րդ տեղում է։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով