12:33  ,  30 սեպտեմբերի, 2019

Փաշիկ Ալավերդյան․ Անհասկանալի է՝ ինչու է սպորտի փոխնախարարը վերջին պահին հայտնել մեր չժամանելու մասին

Երեւանում երեկոյան ժամը 9-ին արդեն տեղյակ են եղել, որ թիմը 23։30-ին չի ժամանելու Հայաստան: Անհասկանալի է՝ ինչու է սպորտի փոխնախարարը վերջին պահին պաշտոնական հաղորդագրություն տարածել մեր չժամանելու մասին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կիեւից ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի թիմը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունից պետք է վերադառնար սեպտեմբերի 29-ին երեկոյան 23:30-ին Կիեւ-Երեւան չվերթով: Արդեն ժամը 22:30-ից «Զվարթնոց» օդանավակայանում մեծ թվով երկրպագուներ, հարազատներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին ժամանել մարզերից:

Ժամանումից 30 րոպե առաջ ՀԿԳՄՍ նախարարության սպորտի փոխնարար Գեւորգ Լոռեցյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն տարածեց թիմի չժամանելու մասին:

«Մենք արդեն ժամը 9-ին երեկոյան գիտեինք, որ չենք ժամանելու Հայաստան: Այդ մասին ինքս անձամբ հայտնել եմ որդուս, նա էլ տեղեկացրել է Գեւորգ Լոռեցյանին:

Կիեւի չվերթից ուշանալու մեղավորությունը մերը չէր: Թաիլանդից թռնելուց մեկ ժամ անց, ինքնաթիռի աշխատակազմը հայտնեց, որ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ որոշում է կայացվել հետ վերադառնալ Թաիլանդ, ուղեւորին իջեցնելու նպատակով: Մենք հետ ենք վերադարձել, ինքնաթիռը նորից լիցքավորվել է վառելիքով եւ թռել ենք Կիեւ:

Կիեւում արդեն իմացանք, որ մեկ ժամ առաջ մեր ինքնաթիռը Երեւան է ուղեւորվել: Կիեւ-Երեւան չվերթւ տեւում է 3 ժամ: Իսկ ինքնաթիռն արդեն մեկ ժամ օդում էր: Դա նշանակում է, որ դեռ երկու ժամ էլ կար:

Ես անմիջապես զանգահարեցի իմ որդուն, որպեսզի նա այդտեղ հայտնի մեր չժամանելու մասին, որպեսզի ժողովուրդն անիմաստ չգա եւ մեզ չսպասի: Իմ որդին անմիջապես տեղեկացրել է Գեւորգ Լոռեցյանին եւ մյուսներին: Տղաներն էլ իրեց հերթին են զգուշացրել: Ֆեդերացիան իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է եւ կատարում է: Այժմ պատրաստվում ենք երեկոյան թռիչքին։ Թիմը Երեւան կհասնի կեսգիշերն անց 02:50-ին Ստամբուլ-Երեւան չվերթով»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ. Սիմոն Մարտիրոսյան՝ ոսկե մեդալ. աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, Հակոբ Մկրտչյան՝ ոսկե մեդալ. աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյան՝ արծաթե մեդալ. աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյան՝ աշխարհի բրոնզե մեդալ: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում