09:43  +04,  27 սեպտեմբերի, 2019

Փաշիկ Ալավերդյան․ Այս կիլոգրամներով Սիմոնը չի կարող հաղթել Օլիմպիական խաղերում

Արդյունքից գոհ եմ, բայց Սիմոն Մարտիրոսյանից գոհ չեմ, որ 241 կգ աշխարհի ռեկորդը չարեց: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թաիլանդից ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Աշխարհի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում Սիմոն Մարտիրոսյանը 429 կգ երկամարտի արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում էլ 199 կգ-ով սահմանեց աշխարհի ռեկորդ:

«Ուրախ եմ, որ Սիմոնը կրկնակի աշխարհի չեմպիոն է: Արդյունքից գոհ եմ, բայց Սիմոն Մարտիրոսյանից գոհ չեմ, որ աշխարհի ռեկորդը չարեց: Հրում վարժության 240 կգ աշխարհի ռեկորդն իրենն է, այստեղ 241-ը չարեց:

Ես գոհ եմ նրանից, որ վստահ կարողանում է բոլորին հաղթել, որ այսօր վստահ բարձրանում էր մրցահարթակ ու բոլորին հաղթում: Բայց այս կիլոգրամներն ինձ համար բավարար չեն: Առջեւում Օլիմպիական խաղերն են: Այս կիլոգրամներով չենք կարող Տոկիո գնալ, դժվար կլինի օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարել: Սիմոն Մարտիրոսյանը մրցակիցներ ունի ու շատ ուժեղ: Պետք է կանգ չառնել, պատրաստվել, աշխատել, ավելացնել կիլոգրամները, որ Տոկիոյում էլ վստահ դուրս գա մրցահարթակ ու հաղթի բոլորին: Այս կիլոգրամներով նա չի կարող Օլիմպիական խաղերում հաղթել:

Պետք է ավելացնենք: Թուլանալ, եղածով բարարվել չի կարելի: Սա ծանրամարտ է եւ մրցակցությունը շատ ուժեղ է: Բայց արդյունքից գոհ եմ, ամեն ինչ լավ է. ո՞ր պետությունն է 10 ոսկուց երկուսն ինքը տանում: 100 պետություն է մասնակցում, 10 ոսկե մեդալ է խաղարկվում, երկուսը Հայաստան է գալիս, ինչպե՞ս գոհ չլինեմ:

Վերջին օրն էլ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանն են մասնակցելու, ու ինչ-որ մեդալ կունենանք: Ես 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո խոստացել էի չէ՞, որ 2019 թվականի աշխարհի առաջնությունն ավելի լավ է լինելու: Ես հազվադեպ եմ ինչ-որ բան խոստանում ու այդպես էլ եղավ:

Դրանում ինձ շատերն են օգնել: Շնորհակալ եմ Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին, Հակոբ Մկրտչյանի անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանին, շնորհակալ եմ մեր մարզիկների մարզադպրոցներին՝ տնօրենից մինչեւ հավաքարար ինձ աջակցելու համար, շնորհակալ եմ երկրի վարչապետին՝ պետական աջակցության համար, ՀԱՕԿ-ի նախագահին՝ հավաքականի կողքին լինելու եւ յուրաքանչյուր հարցում օգնելու համար»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Օլիմպիական ուղեգրերը ծանրամարտում անհատական են. 6 վարկանիշային մրցաշարերում ձեռք բերած միավորների հանրագումարով են ծանրորդները նվաճելու օլիմպիական ուղեգրեր: Աշխարհի առաջնությունն ամենաշատ վարկանիշային միավորներն է տալիս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: