16:14  ,  25 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը (2758) ավարտեց պայքարը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում։ Քառորդ եզրափակիչում նա չկարողացավ հաղթահարել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2774) արգելքը։ Երկու հիմնական պարտիաներում ոչ ոքիներից հետո պայքարը տեղափոխվել էր թայ-բրեյք։ Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով խաղաց ոչ ոքի, իսկ երկրորդ պարտիայում սեւերով հասել էր զգալի առավելության եւ համակարգիչը կանխատեսում էր հայ գրոսմայստերի հաղթանակը, սակայն Արոնյանը կոպիտ սխալ թույլ տվեց եւ տանուլ տվեց։

Վաշյե-Լագրավը կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի (2758) հետ, որը 1,5։0,5 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգին (2707)։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ չինացի Դին Լիրենը (2811), որը 1,5։0,5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին (2759)։

Դին Լիրենի մրցակիցը կլինի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի (2732) եւ չինացի Յանջի Յուի (2763) զույգի հաղթողը։ Վիտյուգովն ու Յուն թայ-բրեյքում վիճարկում են կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է։ Գավաթակիրը կստանա 110 հազար դոլար, քառորդ եզրափակիչում պարտություն կրածը՝ 35 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում