09:09  ,  25 սեպտեմբերի, 2019

Ալեքսանդր Կարապետյան․ Սա ամենակարեւոր փուլն է իմ կյանքում

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Սոչին» Մոսկվայում 3։2 հաշվով հաղթել էր «Դինամոյին»։ Հյուրերի հաղթական գոլը 90-րդ րոպեին խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 31-ամյա հարձակվողը պատմել է «Դինամոյին» խփած հաղթական գոլի, իր լավագույն գոլի եւ կարիերայում կարեւորագույն ժամանակահատվածի մասին։

«Միշտ շատ հաճելի է գոլ խփել վերջին վայրկյաններին եւ հաղթանակ բերել թիմին, հատկապես, եթե հարձակվող ես։ Ուրախ եմ, որ խփեցի «Սոչիի» համար կարեւոր գոլ։ Կարողացանք դրսեւորել կամային որակներ եւ հասնել նպատակին։ Պետք է շարունակենք նույն ոգով, քանի որ իսկապես լավ թիմ ենք ձեւավորել։

Սա լավ գոլ էր, բայց ամենակարեւոր գոլն առայժմ եղել է Իտալիայի հավաքականին ընտրական խաղում խփած գոլս։ Ցանկանում եմ օպտիմալ մարզավիճակ հավաքել Լիխտենշտեյնի եւ Ֆինլանդիայի հետ առաջիկա ընտրական խաղերին ընդառաջ։ Սա ամենակարեւոր փուլն է իմ կյանքում»,- նշեց Կարապետյանը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 9 խաղում Կարապետյանը խփել է 2 գոլ։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին կհյուրընկալվի հոկտեմբերի 12-ին, Ֆինլանդիային՝ հոկտեմբերի 15-ին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով