16:10  +04,  23 սեպտեմբերի, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի ձախողումն ԱԱ-2019-ում եւ պատճառները (տեսանյութ)

Նուրսուլթանում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Սեպտեմբերի 19-ից պայքարի մեջ էին մտել ազատ ոճի ըմբիշները։ Հայաստանn ուներ 6 մասնակից՝ 5 օլիմպիական քաշային կարգերում եւ մեկ ոչ օլիմպիականում․ 57 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 74 կգ՝ Վարուժան Կաջոյան, 79 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86՝ Հովհաննես Մխիթարյան եւ 125՝ Լեւան Բերիանիձե։ 79 կգ-ն ոչ օլիմպիական է։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը հերթական անգամ ձախողվեց աշխարհի առաջնությունը։ Թիմը չնվաճեց ո՛չ աշխարհի առաջնության մեդալ, ո՛չ էլ օլիմպիական ուղեգիր։

Նախքան մրցավայր ժամանելը Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել էր, որ աշխարհի առաջնությանը մասնակցության հնարավորություն է տրված այն ըմբիշներին, որոնք պատրաստ են Նուրսուլթանում պայքարել մեդալների համար․ փաստացի, Հայաստանի թիմում այս անգամ էլ մեդալի համար պայքարելու պատրաստ չէին ըմբիշներից ոչ մեկը։

Եվրոպայի գործող չեմպիոնի անհաջող նորամուտը մեծահասակների աշխարհի առաջնությունում

Արսեն Հարությունյանը ապրիլին Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշայինների պայքարում անգերազանցելի էր։ Նա իսկական բացահայտում եղավ մեծահասակներում՝ նվաճելով ոսկե մեդալ։ Արսենի չեմպիոնությունը, կարծես, նոր շունչ հաղորդեց տեւական ժամանակ տարվա կարեւորագույն մրցաշարերը ձախողած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին։ Եվ Նուրսուլթանում Հայաստանի թիմի գլխավոր հույսը հենց Արսեն Հարությունյան էր։ Նա պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից  եւ վստահ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում։ 19-ամյա ըմբիշը մեկնարկում գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Օտարի Գոգավայի հետ եւ առավելության հասավ 9։4 հաշվով։ Արսենի տրամադրվածությունից ու էներգիայից թվում էր, թե իսկապես օլիմպիական ուղեգիրն ու աշխարհի առաջնության մեդալն արդեն տեսանելի է Հայաստանի թիմի համար։ Բայց երիտասարդ ըմբիշը չկարողացավ հաղթահարել 1/8 երզափակիչի արգելքը․ այստեղ նա հանդիպեց հնդիկ Կումար Ռավիի հետ եւ պարտություն կրեց 6։17 հաշվով։

1/8 եզրափակիչում Արսեն Հարությունյանի հետ անհասկանալի բան տեղի ունեցավ։ Մեկնարկում Արսենը շատ վստահ էր, 39-րդ վայրկյանին կարողացավ երկու միավորի գցում կատարել, բայց չշարունակեց հնարքը եւ գլորում չկատարեց։ Տեսագրությունում երեւում է, որ երիտասարդ ըմբիշի հետ ինչ-որ բան է տեղի ունենում մրցագորգում։ Արսենը գլորում կատարելու համար չի կարողանում հարմար բռվածք անել եւ մի քանի անգամ ձգում է ձախ ձեռքը, ապա ձախ ոտքը։ Հետո կանգնեցնում է գոտեմարտն ու ցույց տալիս ձեռքերն ու ոտքերը։ Միջազգային ֆեդերացիայի բժիշկը բարձրանում է գորգ, զննում Արսենին, ապա շարունակվում է գոտեմարտը։ Այդ դրվագից հետո Արսենն այլեւս չի կարողանում ոչ պաշտպանվել, ոչ գոտեմարտել, տպավորություն էր, թե Արսենը ոչինչ չի զգում։ Պարտվելուց հետո միջանցքում Արսենը պատմում էր Հաբեթնեակ Կուրղինյանին, որ ամբողջ մարմինը ձգվել էր եւ չէր զգում ոչ ձեռքերը, ոչ ոտքերը։ 19-ամյա Եվրոպայի չեմպիոնի համար պարտությունը աշխարհի առաջնությունում մեծ հոգեբանական հարված էր։ Միջանցքում նստել էր հատակին եւ երկու ձեռքով բռնել գլուխը։ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արսենի մկանները քարացել էին։

Արսենը ֆավորիտ էր այս քաշային կարգում, բայց մարզիկի ձախողումը մի քանի պատճառներ ունի։ Նախ՝ Արսեն Հարությունյանը փոխել էր քաշային կարգը։ Նա Բուխարեստում Եվրոպայի չեմպիոն դարձավ 61 կգ-ում։ Աշխարհի առաջնության համար քաշային կարգը փոխել էր 57, քանի որ 61-ը ոչ օլիմպիական էր։ Ըմբիշը մի քանի օրում միանգամից 4 կգ քաշ էր կորցրել մինչեւ կշռման արարողությունը, ինչն ուղիղ կերպով անդրադարձավ նրա տեխնիկայի եւ տակտիկայի, նաեւ ինքնազգացողության վրա։ Եվրոպայի չեմպիոնի օրգանիզմը քաշ գցելու դեպքում ջրազրկվել էր, ինչի հետեւանքով, նաեւ մրցագորգում հոգեբանական խիստ լարվածության ֆոնի վրա ձգվեցին ըմբիշի մկանները։ Հաբեթնակ Կուրղինյանը խոսքի մեջ ակնարկեց, որ Արսեն Հարությունյանի հետ նման դեպք մեկ անգամ էլ է եղել։ Այսինքն՝ մարզիչն ի սկզբանե գիտեր ըմբիշի խնդրի մասին։ Այս պարագայում, թե որքանով էր ճիշտ քաշային կարգ փոխելն, այն էլ՝ երբ ըմբիշը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնության, թերեւս գնահատական կտան մասնագետները։

Պատճառներից մեկն էլ նաեւ այն էր, որ Հայաստանի մարզչական խումբը հիմնական շեշտը դրել էր Արսեն Հարությունյանի վրա, մեդալի իրական հավակնորդ էր համարում առաջինը Արսենին։ Այս փաստն էլ հոգեբանական մեծ ճնշում գործադրեց մարզիկի վրա Նուրսուլթանում։ Սխալ կլինի ասել, թե Եվրոպայի չեմպիոնը լավ մարզավիճակում չէր։ Ըմբիշն անցել էր բոլոր ուսումնամարզական հավաքները եւ լիարժեք պատրաստ էր պայքարին, բայց գուցե իր եւ մարզիչների կողմից հաշվի չէր առնվել նաեւ հոգեբանորեն պատրաստ լինելու կարեւոր փաստը։

Առջեւում կա երկու վարկանիշային մրցաշար։ Հաբեթնակ Կուրղինյանը Նուրսուլթանում հայտարարեց, որ 57 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն է տրվելու Արսեն Հարությունյանին։

Վազգեն Թեւանյանի փորձի պակասն ու ԱԱ-ն

Թեւանյանը Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնն է։ Մեծահասակների հավաքական վերջերս է տեղափովել։ Աշխարհի առաջնությունը 20-ամյա Վազգենի առաջին լուրջ փորձությունն էր մեծահասակներում։ Վազգենն էլ, Արսենի նման, Հայաստանի թիմի հույսերից մեկն էր։ Մեդալի եւ օլիմպիական ուղեգրի ակնկալիք կար նաեւ նրանից։

Նախ՝ մինչեւ աշխարհի առաջնության մեկնելը, այս քաշային կարգում մասնակցի ընտրության հարցում խնդիրներ են եղել։ Հավաքականում այս քաշում առաջատարներից մեկն էլ 2017 թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանն է։ Ֆրանգուլյանը 2018 թվականի աշխարհի առաջնությունում անհաջող մասնակցությունից հետո վիրահատվեց։ 7-ամսյա դադարից հետո կրկին վերադարձավ մրցագորգ եւ Կիեւի միջազգային մրցաշարում արծաթե մեդալ նվաճեց։ Մասնակցեց Եվրոպական խաղերին, բայց պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Աշխարհի առաջնությունից առաջ հավաքականում քննարկվում էր Նուրսուլթանում Ֆրանգուլյանի եւ Թեւանյանի թեկնածությունները։ Հաբեթնակ Կուրղիանյանը որոշեց հնարավորություն տալ երիտասարդ ըմբիշին։ Աշխարհի առաջնությունում պայքարելուն պատրաստ էր նաեւ Ֆրանգուլյանը, բայց գլխավոր մարզիչի ընտրությունը Թեւանյանն էր։  

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը Նուրսուլթանում պայքարը սկսեց  որակավորման փուլից եւ 5։3 հաշվով հաղթեց  Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։ Ի դեպ, Վալոդյա Ֆրանգուլյանը Եվրոպական խաղերում բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր նույն Գոռ Հովհաննիսյանին։ Հաջող մեկնարկից հետո Թեւանյանը չկարողացավ հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը։ Այստեղ նա հանդիպեց  2018 թ․աշխարհի չեմպիոն Տակուտո Օտոգուրոյի հետ եւ պարտություն կրեց 0։6 հաշվով։ Ճապոնացի ըմբիշը ոչ մի հնարավորություն չտվեց Թեւանյանին։ Ինքն էլ գորգի վրա գիտակցում էր, որ աշխարհի չեմպիոնի հետ գոտեմարտում ուժերն անհավասար են։

Հաբեթնակ Կուրղինյանը դրական գնահատեց Թեւանյանի մրցելույթը Նուրսուլթանում եւ պարտությունը մեկնաբանեց փորձի պակասով։ Ինչպես Արսեն Հարությունյանին, այնպես էլ Վազգեն Թեւանյանին գլխավոր մարզիչը հնարավորություն է տալու վարկանիշային մրցաշարերում պայքարել օլիմպիական ուղեգրերի համար։ Ըստ Կուրղինյանի, հավաքականում սերնդափոխություն է, եւ այն պայմանավորված է հենց Արսեն Հարությունյանով եւ Վազգեն Թեւանյանով։

Պարտություններ մյուս քաշային կարգերում

Մյուս քաշային կարգերում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները վատ հանդես եկան։ 2017 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Լեւան Բերիանիձեն պարտվեց մեկնարկում։ Մեկնարկում պարտվեց նաեւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը։ 74 կգ քաշայինների պայքարում Վարուժան Կաջոյանը միայն մեկ շրջան անցավ, երկրորդ շրջանում՝ 1/8 եզրափակիչում պարտվեց։

Հայաստանի վերջին հույսը 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանն էր, որին բաժին էր ընկել համեմատաբար հեշտ վիճակահանություն։ Նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից եւ կամային հաղթանակ տարավ Վրաստանը ներկայացնող Նիկա Քենտչաձեի նկատմամբ՝ 7։6։

1/4 եզրափակիչում Գրիգորյանը ցավալի պարտություն կրեց այն դեպքում, երբ  մինչեւ վերջին վայրկյանները հաղթում էր։ Մրցակիցը ուզբեկ Ռաշիդ Կուրբանովն էր։ Ըմբիշները աշխարհի առաջնություններում հանդիպում էին երկրորդ անգամ։ Առաջին գոտեմարտում հաղթել էր Գրիգորը։ Նուրսուլթանում նրանց գոտեմարտն ավարտվեց 8:8 հաշվով, սակայն վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ հաղթող դարձավ ուզբեկ ըմբիշը։ Սա անհավատալի պարտությունների շարքից էր, քանի որ Գրիգորյանը մինչեւ վերջին 15 վայրկյանը հաղթում էր 8։6 հաշվով։

Ձախողված ԱԱ-ն ու պատճառները

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հերթական ձախողումը լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Հավաքականում փոփոխություններն արդեն անխուսափելի են։ Թիմն ունի հոգեբանական լուրջ խնդիրներ։ Տեւական ժամանակ գլխավոր մարզիչը խոսում է սերնդափոխության մասին։ Թվում է, թե սերնդափոխությունը կլուծի շատ հարցեր, բայց թիմում, ըմբիշների մոտ կա ու արդեն երկար ժամանակ «ապրում» է պարտվողի հոգեբանությունը։ Նախ եւ առաջ մարզչական շտաբը պետք է փորձի ազատվել այդ հոգեբանությունից։ Դա ավելի տեսանելի դարձավ Նուրսուլթանում, քանի որ յուրաքանչյուր ըմբիշ մրցագորգ դուրս գալիս չէր հավատում ինքն իր ուժերին։ Իսկ նրանք, ովքեր հավատում էին, ինչ-որ մի կետում՝ հաղթանակին շատ մոտ հանձնվում էին։ Գլխավոր մարզիչը նշեց, որ դեռ կվերլուծեն եւ կուսումնասիրեն աշխարհի առաջնությունում ձախողման պատճառներն, կփորձեն գտնել համարժեք լուծումներ։ Ժամանակը կարճ է, իսկ լուծումներ գտնելը խիստ անհրաժեշտ, որովհետեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերին մնացել է քիչ ժամանակ, առջեւում էլ վարկանիշային մրցաշարերն են։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ