10:55  ,  23 սեպտեմբերի, 2019

Զիդան․ Մեր խաղում զգացվում էր բնավորություն

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շնորհավորել է բոլոր խաղացողներին «Սեւիլիայի» նկատմամբ հաղթանակի առթիվ։ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Արքայական թիմը հյուրընկալվելիս «Սեւիլիային» պարտության է մատնել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ՝ 1։0։

«Ես երջանիկ եմ եւ մեծ բավարարվածություն եմ զգում։ Այսօր 90 րոպե խաղացինք ամենաբարձր մակարդակի վրա։ Սա ընդհանուր հաղթանակ է, պետք է շնորհավորել բոլորին։ Բենզեման դարձյալ մեզ հաղթանակ բերեց, բայց մենք գերազանց պաշտպանվում էինք։ Մարտավարության տեսանկյունից էլ շատ բարձր մակարդակի խաղ անցկացրինք։

Պաշտպանությունում թիմի աշխատանքը եղավ հաղթանակի հիմքը։ Մեր խաղում զգացվում էր բնավորություն։ Ֆուտբոլիստները իրար օգնում էին, խաղադաշտում թողեցին բոլոր ուժերը եւ արժանիորեն հաղթեցին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Սեւիլիան» մրցակցի դարպասին ոչ մի հարված չի կատարել։ Նախորդ անգամ «Ռեալը» մրցակցին թույլ չէր տվել հարված կատարել իր դարպասին 2016թ․ օգոստոսին՝ 3։0 հաշվով հաղթելով «Ռեալ Սոսյեդադին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում