14:32  ,  21 սեպտեմբերի, 2019

Հաբեթնակ Կուրղինյան. Գրիգորյանը պարտվեց հոգնածության և սխալ մարտավարության պատճառով

Գրիգոր Գրիգորյանը վերջին 15 վայրկյանում հոգնեց սխալ մարտավարության պատճառով։ Ցավալի պարտություն կրեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Նուրսուլթանում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ մեկնաբանելով 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի պարտությունը քառորդ եզրափակիչում։

«Գրիգոր Գրիգորյանը ցավալի պարտություն կրեց 1/4 եզրփակիչում, հաղթում էր մինչեւ վերջին վայրկյանները։ Վերջին 15 վայրկյանում պարտվեց։ 8։6 հաղթում էր, սակայն ուզբեկ մրցակիցը 2 միավոր վաստակեց եւ 8։8 հաշվով հաղթանակը տրվեց ուզբեկին։

Գրիգոր Գրիգորյանը 2018 թվականի աշխարհի առաջնությունում Բուդապեշտում նորից հանդիպել էր ուզբեկ ըմբիշին։ Բուդապեշտում հաղթել էր Գրիգորը։ Այստեղ էլ էր հաղթում, բայց վերջին 15 վայրկյանում ուզբեկն օգտվեց Գրիգորի դիրքից, հոգնածությունից եւ հավասարեցրեց հաշիվը։ Գրիգորը սխալ մարտավարություն էր ընտրել վերջին վայրկյաններին, գլուխը ցածր էր պահում։ Չկարողացավ երկար այդ դիրքով պաշտպանվել, հոգնեց»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 79 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Գրիգոր Գրիգորյանը պարտվեց ուզբեկ Ռաշիդ Կուրբանովի Գոտեմարտն ավարտվեց 8:8 հաշվով, սակայն վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշը:

Գրիգոր Գրիգորյանը չի կարողանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, քանի որ Ռաշիդ Կուրբանովը պարտություն է կրել կիսաեզրափակիչում:

1/8 եզրափակիչում Գրիգորյանը տուշեով հաղթել էր Վրաստանը ներկայացնող Նիկա Քենտչաձեին:

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում