22:58  ,  20 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Հովհաննես Բաչկովի մենամարտի արդյունքի բողոքարկումը չի ընդունվել

Հովհաննես Բաչկովի մենամարտի ադյուքնի բողոքարկումը չի ընդունվել: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Եկատերինբուրգից ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Վահան Ադիլխանյանը:

«Մեր բողոքարկումը չընդունվեց: Պատասխանեցին, որ նպատակահարմար չեն գտնում վերանայել 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ գոտեմարտը: Ամեն դեպքում, մենք հնարավոր ամեն ինչ արեցինք: Բողոքարկել էին նաեւ 91 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչը, որտեղ նորից սխալ մրցավարության արդյունքում պարտություն էր գրանցել այդ քաշային կարգում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն ղազախ բռնցքամարտիկը: Նրա բողոքարկումն էլ չէր ընդունվել նույն պատասխանով:

Կար միտումնավոր մրցավարական կողմնապահություն Բաչկովի մենամարտի ժամանակ եւ ռինգի մրցավարն անում էր այն, ինչ նրան հրահանգված էր: Ամերիկացի բռնցքամարտիկը անընդհատ փակում էր Բաչկովին, որպեսզի նա չկարողանար հարվածել: Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալով կպարգեւատրվի, բայց նրա բրոնզը արծաթին ու ոսկուն հավասար մեդալ է: Ցավում եմ, որ այսպես ստացվեց»,-ասաց Վահան Ադիլխանյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը մենամարտել էր ԱՄՆ-ի եւ Պանամերիկյան խաղերի բազմակի չեմպիոն Քեյշոն Դեւիսի հետ։ Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվել էր Դեւիսին՝ 4։1։ Բռնցքամարտի Հայաստանի թիմը Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ բողոքարկել էր Հովհաննես Բաչկովի մասնակցությամբ կիսաեզրափակիչ մենամարտի արդյունքը՝ ռինգի մրցավարի կոպիտ խախտումների հիմքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս