16:50  ,  20 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Հայաստանի թիմը բողոքարկել է Հովհաննես Բաչկովի մենամարտի արդյունքը

Բռնցքամարտի Հայաստանի թիմը բողոքարկել է Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում Հովհաննես Բաչկովի մասնակցությամբ կիսաեզրափակիչ մենամարտի արդյունքը՝ ռինգի մրցավարի կոպիտ խախտումների հիմքով։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանը։ Բողոքարկման արդյունքը հայտնի կդառնա մի քանի ժամ հետո։

«Դեռ շուտ է Հովհաննես Բաչկովին համարել բրոնզե մեդալակիր, քանի որ մենք բողոքարկել են կիսաեզրափակիչ մենամարտը, համաձայն չենք մենամարտի արդյունքի հետ։ Ֆեդերացիան վճարումը կատարել է, բողոքարկել ենք։ Շատ կասկածելի մենամարտ էր, ռինգի մրցավարը շատ կոպիտ սխալներ թույլ տվեց։ Մենք բողոքարկելու հիմք եւ պատճառներ ունեինք։ Հովհաննես Բաչկովը այս մենամարտում չի պարտվել։ Բողոքարկման դիմում ենք ներկայացրել, վճարում ենք կատարել եւ մրցումային օրվա վերջում մեզ պատասխանը կասեն։ Հուսանք, ճիշտ կգնահատեն բողոքարկումը։ Եթե մեր բողոքարկումը բավարարվի, մենամարտը փոխվում է, հաղթող է ճանաչվում Հովհաննես Բաչկովը, գումարի կես չափը հետ է վերադարձվում եւ վաղը դուրս է գալիս եզրափակիչ։

Մենք բողոքարկել ենք ռինգի մրցավարի ոչ պատշաճ աշխատանքը։ Նա պետք է նկատողություն տար ամերիկացուն 3 ռաունդ Բաչկովին բռնելու համար։ Չէր թողնում, որ Բաչկովն աշխատեր։ Այդ դեպքում մրցավարը պետք է կանգնեցրեր մենամարտը եւ նկատողություն տար ամերիկացուն, իսկ այդ դեպքում երկու միավոր դուրս էր գալիս։ Հովհաննես Բաչկովը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ պարտվեց։ Առաջին ռաունդում հաղթանակը մերն էր՝ 3։2, երկրորդ ռաունդում 2։3՝ ամերիկացուն, երրորդ ռաունդը՝ 3։2 նորից ամերիկացուն։

Մենք բողոքարկել ենք այն հիմքով, որ երկրորդ եւ երրորդ ռաունդում ռինգի մրցավարը պարտավոր էր նկատողություն տալ պասիվության եւ բռնելու համար, չտվեց ու մենամարտը անցավ ամերիկացու կողմը։

Հուսանք՝ կբավարարվի մեր բողոքարկումը։ Արդեն նախադեպ եղել է աշխարհի առաջնությունում, բողոքարկում բավարարվել է։ Այժմ մինչեւ երեկո ԱԻԲԱ-ի 5 անկախ ներկայացուցիչ կդիտեն տեսագրությունը եւ որոշում կկայացնեն։ Հովհաննես Բաչկովն էլ համաձայն չի մենամարտի արդյունքի հետ։ Համաձայն է իմ որոշման հետ։ Կարծում եմ՝ բողոքարկելը ճիշտ որոշում է։ Պետք է հնարավոր ամեն ինչ անել, որ մենամարտի արդյունքը փոխվի»,- ասաց Վահան Ադիլխանյանը։

63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը մենամարտել է ԱՄՆ-ի եւ Պանամերիկյան խաղերի բազմակի չեմպիոն Քեյշոն Դեւիսի հետ։ Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվել է Դեւիսին՝ 4։1։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում