15:39  ,  20 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի մարզիչ․ Վարուժան Կաջոյանը պարտվեց իր սխալի պատճառով

Վարուժան Կաջոյանը պարտվեց իր սխալի պատճառով։ Մրցակիցն ուժեղ չէր։ Հաղթելու հնարավորություն ուներ, բայց երկրորդ մրցափուլում ուկրաինացուն ավելին թույլ տվեց։

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նուրսուլթանում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը մեկնաբանեց 74 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Վարուժան Կաջոյանի պարտությունը։

«Վարուժան Կաջոյանը կարող էր հաղթել, մրցակիցը նրան հավասար տղա էր։ Սխալ թույլ տվեց եւ մի քանի անգամ այդ սխալը կրկնեց։ Բազմիցս իրեն ասվել էր, որ այդ սխալը թույլ չտա՝ մրցակցին հնարավորություն չտա ոտնաթաթը բռնել։ Մրցակիցը ոտնաթաթ բռնում էր, ինքն էլ հնարքի էր գնում, ու արդյունքը՝ 4։10 պարտություն։ Պատճառն իր սխալն էր։

Մեր թիմը շատ լավ է պատրաստվում յուրաքանչյուր մրցաշարից առաջ։ Աշխարհի առաջնությունից առաջ էլ մի քանի փուլով հավաքներ ենք անցել, շատ լավ պատրաստվել ենք։

Չգիտեմ՝ ինչն է խանգարում մեր մարզիկներին, լավ պատրաստված գալիս են այստեղ եւ պարտվում։ Գալիս հասնում են այստեղ, հավասար գոտեմարտում պարտվում։ Ով մի քիչ առավելություն ունի, բոլոր հնարավորություններն ունի հաղթելու, պարտվում է։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչն է խնդիրը՝ հոգեբանական է, թե այլ։

Վիճակահանության արդյունքում Կաջոյանը շատ լավ խումբ էր ընկել, ուներ բոլոր հնարավորությունները հասնել կիսաեզրափակիչ եւ պայքարել եզրափակիչի ուղեգրի համար։

Վաղը Գրիգոր Գրիգորյանն է դուրս գալիս պայքարի, նա շատ լավ մարզավիճակում է, լավ պատրաստված։ Հուսամ՝ նա մեզ կուրախացնի>>,- ասաց Էդգար Ենոքյանը։

Հիշեցնենք, որ Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից 74 կգ Վարուժան Կաջոյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց ուկրաինացի Վասիլ Միխայլովի հետ եւ պարտվեց 4։10 հաշվով։ Կաջոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչում եւ 10։2 հաշվով հաղթել լիտվացի Անդրիուս Մազեիկային։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում