14:21  ,  20 սեպտեմբերի, 2019

Էդուարդ Սահակյան․ Կարապետ Չալյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց, բայց դեռ չենք կարող ասել, թե ով կմեկնի Տոկիո

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գեւորգյանը Երեւանում ամփոփել են Նուրսուլթանում սեպտեմբերի 14-ից 17-ը անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում թիմի մասնակցությունը։

Էդուարդ Սահակյան

«Նուրսուլթանում բարդ պայքար էր, քանի որ աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր։ Բոլոր երկրների ազգային հավաքականները շատ լավ էին պատրաստվել այս առաջնությանը եւ թեժ պայքար էր օլիմպիական ուղեգրերի համար։

Մեր մարզիկների մրցելույթներից եւ արդյունքներից ե՛ւ գոհ ենք, ե՛ւ դժգոհ։ Դժգոհ ենք այն ըմբիշներից, որոնք կարող էին ավելի լավ մասնակցել, բայց ին-ինչ պատճառներով չստացվեց։ Լավ չմասնակցեցին Արթուր Շահինյանը (87 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82կգ), Գեւորգ Ղարիբայնը (60 կգ)։

Դժգոհ ենք մրցավարությունից։ Օրինակ՝ 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը կարող էր եզրափակիչում լինել։ Լավ չդատեղին 55 եւ 67 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանի եւ Կարեն Ասլանյանի գոտեմարտերը։ Երկու դեպքում էլ մեզնից խլեցին միավորներն ու հաղթանակը։

Շատ հնարավոր է Սլավիկ Գալստյանի քաշային կարգը փոխի՝ օլիմպիական։ Ունենք Հայաստանի առաջնություն, որն անցկացվելու է նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Հայաստանի առաջնությունից հետո ամեն ինչ պարզ կլինի, թե որ քաշային կարգում փոփոխություններ կունենանք, ով որ քաշում հանդես կգա, ով հնարավորություն կունենա ուժերը փորձել օլիմպիական վարկանիշային մրցաշարերում։

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց, բայց դեռ մինչեւ Օլիմպիական խաղեր մեկ տարի ժամանակ ունենք, չենք կարող ասել, թե ով կմեկնի Տոկիո։ Ունենք Եվրոպայի առաջնություն, մրցաշարեր, վարկանիշային մրցումներ, որոնց արդյունքներով պարզ կլինի, թե ով է պատրաստ այս քաշային կարգում մասնակցել Օլիմպիական խաղերին։

Հայաստանի առաջնությունում ըմբիշներին հնարավորություն կտրվի որոշել՝ որ քաշում են ուզում հանդես գալ, որ քաշում են իրենց տեսնում։ Երկու վարկանիշային մրցաշար ունենք մինչեւ Օլիմպիական խաղեր՝ մարտին եւ ապրիլին, Հունգարիայում եւ Բուլղարիայում»,- ասաց Էդուարդ Սահակյանը։

Սամվել Գեւորգյան

«Սա օլիմպիական շրջափուլի ամենաբարդ աշխարհի առաջնությունն էր։ Շատ վատ էր վիճակահանությունը։ Այս առաջնությունում վիճակահանությունն ասես հատուկ մի քանի երկրի համար լիներ։ Մեր ըմբիշներն ընկել էին ամենաբարդ վիճակահանությունների մեջ։ Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանը 5 գոտեմարտ անցկացրեց, բոլորն էլ իր հիմնական՝ ուժեղ մրցակիցների հետ էր։ Մրցավարությունը շատ վատն էր։ Մրցավարներն էլ իրենց ստուգատեսն էին անցնում, քանի որ այս առաջնությունից պետք է ընտրվեին Օլիմպիական խաղերի մրցավարները։

Եթե Արթուր Ալեքսանյանի վնասվածքը չլիներ, մենք ոսկե մեդալով կվերադառնայինք։ Մենք ամեն ինչ արեցինք մրցավայրում։ Գերմանացի բժիշկը, որը Միջազգային ֆեդերացիայի բժիշկն է, ներարկում արեց, որպեսզի թմրի ցավը գոտեմարտի ընթացքում։ Մի խումբ բժիշներ զննեցին Արթուրին եւ արդյունքում՝ որոշվեց հրաժարվել գոտեմարտից, քանի որ գուցե գոտեմարտի ընթացքում ցավ չզգար, բայց թոքերը վնասեր։ Նա շատ ծանր տարավ մեդալը Եվլոեւին հանձնելու փաստը։ Համառորեն ուզում էր մասնակցել եզրափակիչին։ Այսօր հետազոտվելու է։ Ամեն ինչ պետք է անենք, որ մինչեւ Օլիմպիական խաղեր լավ լինի։ Ասել են՝ առաջիկա ամիսներին կողային հատվածը պետք է հնարավորինս անշարժ լինի։

Միհրան Հարությունյանից նորություն չունենք, տեղյակ եմ, որ նա մարզվում է։ Առաջիկայում Հայաստանի առաջնությունն է։ Եթե նա մտադրություն ունենա մասնակցել Հայաստանի առաջնությանը, կտեղեկացնի մեզ այդ մասին»,- նշեց Սամվել Գեւորագյանը։

Հիշեցնենք, որ Նուրսուլթանում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ եւ երկու օլիմպիական ուղեգիր։ Մեդալներ նվաճեցին Արթուր Ալեքսանյանը եւ Սլավիկ Գալստյանը։ Հայաստանի համար օլիմպիական ուղեգրեր նվաճեցին Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում եւ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում