15:31  ,  19 սեպտեմբերի, 2019

Հաբեթնակ Կուրղինյան․ Արսեն Հարությունյանի ոտքերի եւ ձեռքերի մկանները քարացել էին

Արսեն Հարությունյանի հետ չհասկացանք՝ ինչ տեղի ունեցավ, նրա ոտքերի եւ ձեռքերի մկանները քարացել էին։ Նա իրեն լավ էր զգում եւ պատրաստ էր լիարժեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Նուրսուլթանում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը՝ մեկնաբանելով 2018թ․ Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Արսեն Հարությունյանի պարտությունը 1/8-րդ եզրափակիչում։

«Արսենը շատ լավ սկսեց մեկնարկում եւ հաղթեց վրացի ըմբիշին։ 1/8-րդ եզրափակիչում էլ հնդիկի հետ գոտեմարտը նույն տրամադրվածությամբ սկսեց ու առաջին մրցափուլում հաղթում էր 6։0 հաշվով, բայց չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ։ Ոտքերի եւ ձեռքերի մկանները ձգվեցին գոտեմարտի ընթացքում։ Չէր կարողանում շարժվել։ Կարծում եմ՝ պատճառը գերլարվածությունն էր։ Նա ֆիզիկապես եւ հոգեպես շատ լարված էր։ Դեռ կխորհրդակցենք եւ կհասկանանք՝ ինչն է պատճառը։ Չեմ կարծում, որ պատճառը քաշային կարգը փոխելը լինի, քանի որ 57 կգ քաշային կարգում Արսենն իրենց լավ է զգում։

Նախորդ տարվա երիտասարդների աշխարհի առաջնությունում նա հենց 57-ում էր մասնակցում։ Պետք է հաշվի առնենք, որ սա Արսեն Հարությունյանի նորամուտն էր մեծահասակների աշխարհի առաջնությունում եւ պատասխանատվությունը շատ մեծ էր նրա համար։ Արսենի ցանկությունը շատ մեծ էր, մենք էլ տեսնում ենք, որ նա շատ է ցանկանում բարձր արդյունք անել։ Բայց աշխարհի առաջնությունը միշտ բարդ է լինում եւ երիտասարդ ըմբիշների համար գերլարված։ Նա դեռ բավական երիտասարդ է, վստահ դեռ շատ հնարավորություն կունենա իրեն դրսեւորել մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Արսենին բարդ վիճակահանություն էր ընկել։ Այսպես ստացվեց, պարտվեցինք»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։

Հիշեցնենք, որ Նուրսուլթանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 6։17 հաշվով պարտվեց հնդիկ Կումար Ռավիին։ 19-ամյա Արսեն Հարությունյանը 1/18 եզրափակիչը շատ ակտիվ սկսեց, հենց մեկնարկում սկսեց միավորներ վաստակել։ Առաջին մրցափուլի ավարտին 6։0 հաշվով հաղթում էր։ Հնարք կատարելից ձգեց ձեռքերի մկանները եւ մրցավարներին ցուցադրեց մկանների խնդիրը։ Ընդմիջման ընթացքում Հաբեթնակ Կուրղինյանին ցուցադրեց նաեւ ոտքերի մկանները։ Ըմբիշը ձեռքերի եւ ոտքերի մկանները քարացել էին։ Երկրորդ մրցափուլում հնդիկ ըմբիշը 17 միավորով առաջ ընկավ հաշվի մեջ, Արսեն Հարությունյանն այլեւս չէր կարողանում պաշտպանվել հնդիկի գլորումներից եւ հնարքներից։ Հարությունյանը պարտվեց խոշոր հաշվով։ Ռավին կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ուգուեւին եւ Հարությունյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով