10:10  ,  18 սեպտեմբերի, 2019

Ինչո՞ւ Հայաստանի թիմը չկարողացավ ոսկե մեդալներ նվաճել Նուրսուլթանում (ֆոտո)

Նուրսուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում հունահռոմեականներն ավարտեցին ելույթները։ Հայաստանի հավաքականը 9 մասնակցով նվաճեց երկու մեդալ եւ երկու օլիմպիական ուղեգիր։ Մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանն ու Սլավիկ Գալստյանը։ Հայաստանի համար օլիմպիական ուղեգրեր նվաճեցին Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը։ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալակիր դարձավ ոչ օլիմպիական քաշային կարգում։

Հայաստանի «հեղափոխված» թիմն ու աշխարհի առաջնությունը

Հայաստանի հավաքականի համար այս աշխարհի առաջնությունն այդքան էլ հաջող չստացվեց։ 9 մասնակցով Հայաստանի թիմը բավարարվեց երկու մեդալով, առանց ոսկե մեդալի։ Արթուր Ալեքսանյանը դարձավ արծաթե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանի թիմն այսքան էր կարող, մեր ուժերն այսքանին էին բավարարում եւ սա այն գագաթնակետն էր, որին կարող է հասնել մեր թիմը։

Գուցե Հայաստանում շատերի մոտ այդ կարծիքը ձեւավորվի, բայց իրականությունը լրիվ այլ է, երբ մրցավայրում ես հենց իրադարձությունների կենտրոնից ես հետեւում առաջնությանը Փաստացի Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց երկու, եթե ոչ երեք ոսկե մեդալ․ նախ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից եւ ոսկե մեդալը նվեր մատուցեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւին։

Կարապետ Չալյանը շտապելու հետեւանքով ձեռքից բաց թողեց ոսկե մեդալը նվաճելու հնարավորությունը։ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում պարտվեց Ստեփան Մարյանյանին, բայց նա նույնպես շատ մոտ էր ոսկե մեդալին։ Եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ուներ նաեւ Կարեն Ասլանյանը, եթե չլիներ մրցավարական կողմնապահությունը։

Արթուր Ալեքսանյանի նվերը Մուսա Եվլոեւին

Արթուր Ալեքսանյանը այս աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում միակ ֆավորիտն էր։ Վիճականահանության արդյունքում Արթուրին բաժին էին ընկել ամենաբարդ ու ամենաանհարմար մրցակիցները։ Եվլոեւի խումբը առաջին նվերն էր ռուս ըմբիշին այս առաջնությունում։ Նրա խմբում բարդ մրցակից գրեթե չկար։ Արթուրն իր ուսերին վերցրեց ամենաբարդ խումբը եւ բոլորին հաղթելով հասավ եզրափակիչ։ Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսեց որակավորման փուլից։ Եզրափակիչի ճանապարհին հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին (10:0),  թուրք Ջենք Իլդեմի (4:2), իրանցի Աբդուլահ Սարավիի (4:3) եւ վրացի Գեորգի Մելիան (3:1):

Մուսա Եվլոեւը պայքարը սկսել է 1/16-րդ եզրափակիչից։ Նրա մրցակիցներն էին ուզբեկ Ջահոնգիր Տուրդիեւը (4։1), ճապոնացի Յուտա Նարան (5։0), լեհ Տադեուշ Միխալիկը (9։0), սերբ Միխայիլ Կաջալային (9։0):

Արթուր Ալեքսանյանը թուրք Իլդեմի հետ գոտեմարտի ընթացքում հաղթանակ տարավ, բայց լուրջ վնասվածք ստացավ ձախ կողոսկրի  հատվածում։ Վնասվածքի մասին մինչեւ կիսաեզրափակիչ գրեթե ոչ ոք գլխի չէր ընկել։ Այդ մասին գիտեր միայն ըմբիշը եւ երեւի նրա հայրը։ Վրացի ըմբիշի հետ գոտեմարտից հետո միայն օլիմպիական չեմպիոնը «հանձնվեց»: Կիսաեզրափակիչի տեսագրությունում էլ երեւում է՝ ինչպես է Արթուրը ամբողջ գոտեմարտի ընթացքում ձեռքով պահում ձախ կողային հատվածը։ Աշխարհի եռակի չեմպիոնը ուժգին ցավով էր պայքարում 1/2 եզրափակիչում։ Վրացի մրցակցին պարտության մատնելուց հետո գորգից իջնելիս Արթուրն այլեւս չկարողավաց թաքցնել վնասվածքը եւ զսպել ուժգին ցավը։ Հենց միջանցքում ծնկի իջավ ցավից, նույնիսկ չէր կարողանում շնչել։

Սա ամենավատն էր, որ կարող էր լինել Հայաստանի թիմի եւ օլիմպիական չեմպիոնի հետ եւ ամենամեծ նվերը Եվլոեւին եզրափակիչից առաջ։ Եզրափակիչի օրը Հայաստանի մարզչական շտաբը եւ Հայաստանի պատվիրակության ղեկավար Արայիկ Բաղդադյանը ամբողջ օրը քննարկում էին Արթուր Ալեքսանյանի մասնակցության հարցը։ Վնասվածքը կողային հատվածի մանր ոսկորների կոտրվածք էր, որն ըմբիշը ստացել էր Մինսկի հավաքի օրերին, իսկ Նուրսուլթանում վնասվածքը խորացավ թուրք մրցակցի հետ պայքարում։ Եզրափակիչի մեկնարկից րոպեներ առաջ Արայիկ Բաղդադյանը հայտարարեց մարզիչների եւ ֆեդերացիայի դիրքորոշումը՝ Արթուր Ալեքսանյանը դուրս է գալիս պայքարից։ Սա գուցե լավագույն որոշումն էր տվյալ պարագայում, սակայն ամենավատը Արթուր Ալեքսանյանի համար․ չէ որ նրան մեկ քայլ էր մնացել աշխարհի քառակի չեմպիոն հռչակվելու համար։

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ գորգ եւ ոսկե մեդալը բառացիորեն դրեց Եվլոեւի ձեռքում։ Ռուս ըմբիշը մեծ ոգեւորությամբ տոնեց իր աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու փաստը։ Գուցե տարիներ անց որեւէ մեկը չհիշի էլ, որ Նուրսուլթանում Եվլոեւն առանց պայքարի դարձավ աշխարհի չեմպիոն, պատմության մեջ նրան կհիշեն որպես արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն։

Արթուր Ալեքսանյանի համար ոսկե մեդալը մրցակցին զիջելը մեծ հոգեբանական հարված էր։ Նա ուշքի չէր գալիս եւ, կարծես, չէր հավատում իր հետ տեղի ունեցած «ձախորդությանը»։ 

Թիմի պատվի հարցն ու Կարապետ Չալյանը

Այդ նույնը «ձախորդությունը» անդրադարձավ նաեւ Կարապետ Չալյանին։ Մեկնարկային օրը մի քանի փայլուն գոտեմարտեր անցկացնելուց եւ օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո Կարապետ Չալյանն անակնկալ պարտություն կրեց կիսաեզրափակիչում։ Թվում էր, թե Կարապետ Չալյանը չեմպիոն դառնալուն շատ մոտ է, բայց Չալյանը սխալվեց եւ մրցակցին հնարավորություն տվեց միավոր վաստակել։ Այս պարտությունը թիմին վերջնական հոգեբանական անկման մեջ գցեց։ Հայաստանի հավաքականի ամբողջ կազմը մեկ մարդ դարձած Նուրսուլթանում հայացքն ուղղել էր Չալյանին եւ սպասում էր ըմբիշի հաղթանակին արդեն բրոնզե մեդալի համար պայքարում։ Կիսաեզրափակիչում պարտվելուց հետո Կարապետ Չալյանի եւ թիմի անդամների աչքերում դեռ հույս կար բրոնզի տեսքով։ Բոլորը հավատում էին, որ նա կանի դա եւ բարձր կպահի իր թիմի պատիվը։ Բայց բրոնզե մեդալի համար պայքարում էլ Չալյանը նույն սխալների հետեւանքով պարտվեց  6։9։ Արթուր Ալեքսանյանի փոխչեմպիոնի կոչումով բավարարվելը թերեւս այդքան էլ ցավալի չէր, որքան Չալյանի պարտությունը բրոնզե մեդալի համար պայքարում։ Միջանցքում Չալյանն այս անգամ արդեն չկարողացավ զսպել արցունքները։ Թե ինչն էր պարտությունների պատճառը, մարզիչները այդքան էլ հստակ չեն պատասխանում։ Պատճառն այն չէր, որ Չալյանն անպատրաստ էր,  խնդիրն այլ էր։ 

Օգոստոսին Լեւոն Ջուլֆալակյանի հայտնի հրաժարականը եւ Չալյանի մասնակցության հետ կապված խնդիրը ուղիղ կերպով անդրադաձավ մարզիկի հոգեբանության վրա։ Նախ պայքար աշխարհի առաջնություն ընկնելու համար։ Մինչեւ վերջին պահը Կարապետ Չալյանը հստակ չգիտեր՝ ի՞նքն  է գնալու, թե՞ Արսեն Ջուլֆալակյանը։ Ինչպես Լեւոն Ջուլֆալակյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, ամբողջ թիմը պահանջել էր Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի ստուգողական գոտեմարտը, իսկ դա նշանակում էր՝ ամբողջ թիմը կանգնել էր Չալյանի կողքին։ Եվ գալ, հասնել Նուրսուլթան թիմի պատիվը չգցելու մեծ քարն ուսերին, բնական է, որ ըմբիշին հոգեբանորեն կճնշեր մրցագորգում։

Մինչեւ 1/4 եզրափակիչ Կարապետ Չալյանը շատ վստահ էր եւ զգոն․ նա ուղիղ գնում էր իր նպատակի հետեւից՝ նվաճել օլիմպիական վարկանիշ եւ թիմի պատիվը գետնով չտալ, չէ՞ որ մի ամբողջ թիմ պատասխանատու էր նրա Նուրսուլթանի մրցագորգ դուրս գալու համար։ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո Չալյանի նյարդերը տեղի տվեցին եւ ըմբիշն, ասես, համարեց իր գերխնդիրը լուծված եւ կորցրեց զգոնությունն ու գերմոտիվացումը։ 

Ձախողումները Նուրսուլթանում

Մյուս քաշային կարգերում Սլավիկ Գալստյանից բացի, Հայաստանի թիմի ըմբիշներն անհաջող ելույթներ ունեցան։ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը ձախողեցին։ Երիտասարդ Մալխաս Ամոյանին փորձի պակասը խանգարեց, Նորայր Հախոյանը, Գեւորգ Ղարիբյանն էլ անհաջող ելույթներ ունեցան։ Կարեն Ասլանյանի նկատմամբ բացահայտ մրցավարական կողմնապահությունն ազդեց։ Նա նույնպես մեդալ նվաճելու մեծ շանսեր ուներ, բայց գորգի մրցավարը թույլ չտվեց։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում