19:01  ,  17 սեպտեմբերի, 2019

Էդուարդ Սահակյան․ Կարապետ Չալյանը բարձր ջերմությունով էր դուրս եկել մրցագորգ

Կարապետ Չալյանի աշխարհի չեմպիոն դառնալուն խանգարեցին իր իսկ թույլ տված սխալները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Նուրսուլթանում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը։

«Ունենք երկու մեդալ՝ մեկ արծաթ եւ մեկ բրոնզ, երկու օլիմպիական ուղեգիր Տոկիո-2020-ի համար եւ բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Պետք է հասկանանք, որոնք են մեր սխալները եւ շտկենք դրանք։

Թիմն ունի նաեւ հոգեբանական խնդիրներ, որոնք եւս լուծվելու կարիք ունեն։ Այս ամենի համար ժամանակ եւ վերլուծություններ են պետք, որպեսզի սկսենք աշխատել դրանց վրա։ Եթե չլուծենք թիմի հոգեբանական, տակտիկական հարցերը, հետագայում այստեղ թույլ տված մեր սխալները կրկնելու ենք։ Չեմ ցանկանում առանձնացնել ըմբիշներին, խոսքը ընդհանուր թիմի մասին է։ Ինչ վերաբերում է Կարապետ Չալյանի բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվելուն, նա նույն սխալը թույլ տվեց, ինչ կիսաեզրափակիչում եւ նորից հաղթած գոտեմարտում կորցրեց բրոնզե մեդալը։ Կային որոշակի խնդիրներ կապված Չալյանի առողջության հետ։ Այսօր նա բարձր ջերմությունով էր դուրս եկել մրցագորգ։ Մինչ այս պահը չէինք խոսում դրա մասին, բայց արդեն երկու օր է ըմբիշը վատառողջ էր։ Մինչեւ երեկ կարծես՝ չէր խանգարում, բայց երեկ ու այսօր զգացնել տվեց։

Կարապետ Չալյանը բարձր կամային հատկություններով ըմբիշ է։ Նա իր թույլ տված սխալների արդյունքում երեկ ու այսօր պարտվեց։ Իր իսկ սխալները խանգարեցին իրեն դառնալ աշխարհի չեմպիոն։ Ընդանուր՝ առաջնությունում մրցավարական կողմնապահություն կար, բայց յուրաքանչյուր սխալ պետք է գտնենք մեր մեջ, այլ ոչ թե մեղադրենք ուրիշներին, այլապես ոչնչի չենք հասնի»,- ասաց Էդուարդ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։9 հաշվով պարտվեց իրանցի Գերաեիին։

Կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը գոտեմարտել էր շվեդ Ալեքս Միշել Բյուռբերգ Քեսիդիսի հետ եւ պարտություն կրել 2։5 հաշվով։

Կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ Չալյանն ապահովել է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 5։4 հաշվով ծանր հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախի նկատմամբ, որը 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով հաղթել էր թուրք Ֆաթիհ Չենգիզին։

1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշվով պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոյին, 1/16 եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեի Յաբիկուին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում