13:19  +04,  17 սեպտեմբերի, 2019

Վալվերդեն՝ «Բորուսիայի» դեմ խաղի եւ Մեսիի մասնակցության մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա դիմակայության մասին։

«Դորտմունդյան թիմում խաղում են բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստներ՝ Սանչո, Ռոյս, Ալկասեր։ Շատ եմ հավանում «Բորուսիայի» եւ ակումբի երկրպագուների առանձնապես ջերմ հարաբերությունները։

Չգիտենք, թե ինչպես կխաղա մրցակիցը, բայց «Բորուսիան» լավ է վերահսկում գնդակը, ուժեղ է հակագրոհների ժամանակ։ Չեմպիոնների լիգայում մեկ սխալը կարող է ճակատագրական լինել, նույնիսկ 10 րոպե չի կարելի կորցնել զգոնությունն այս մրցաշարում։ Դրա հետեւանքով կարող ես կորցնել ամեն ինչ։

Մեսիի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի հանդիպումից առաջ։ Նա առանց խնդիրների մասնակցել է մարզմանը։

Ֆատին կարող է դառնալ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում, սակայն եթե ընդգրկվի էլ մեկնարկային կազմում, ապա դա չի արվի ռեկորդի համար։ Ֆատին բացառիկ տաղանդավոր խաղացող է, մենք շատ գոհ ենք նրա խաղից»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մեսին ընդգրկված է «Բարսելոնայի» հայտացուցակում եւ մեկնել է Դորտմունդ։

Սեպտեմբերի 17-ին «Բորուսիա» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով