19:46  ,  16 սեպտեմբերի, 2019

Գեւորգ Ալեքսանյան․ Արթուրը շատ էր ցանկանում մասնակցել եզրափակիչին, բայց կխորացներ վնասվածքը (ֆոտո)

Արթուրը շատ էր ցանկանում մասնակցել, բայց մարզիչներով որոշեցինք, որ մասնակցելու դեպքում նա կխորացներ իր վնասվածքը։ Այս մասին լրագրողների հետ Նուրսուլթանում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ թիմի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը։

«Մինսկում Արթուրը վնասվածք ստացավ մարզումների ժամանակ։ Եկանք Հայաստան, բուժեցինք,ամեն ինչ նորմալ էր Նուրսուլթան մեկնելուց առաջ։ Մինսկում ստացած վնասվածքը աջ կողային հատվածն էր։ Երեկ երրորդ գոտեմարտի ընթացքում թուրք մրցակցի հետ պայքարում Արթուրը վնասեց նաեւ ձախ կողային հատվածը։ Երեկոյան բժշկի գնացինք, ռետգեն զննում անցավ։ Տեղի բժիշկներն ասացին, որ երկար ժամանակ հանգիստ է պետք, որքան հնարավոր է քիչ շարժումներ։ Ձախ կողային հատվածն է՝աճարային միացման մասում այդ կրճիկները կոտրվել են, մանր մասերի են բաժանվել։ Գիշերը չկարողացավ որեւէ հարմար դիրք գտնել, պառկել․ նստած է քնել։ Առավոտից քննարկման փուլում էինք, թե ինչպես է մասնակցելու։ Գոտեմարտից առաջ ցավն անզգայացրել էինք։ Եզրափակիչի մեկնարկից առաջ մարզում արեց՝ մկանները տաքացնելու համար։ Հասկացանք, որ չի կարող այդպես պայքարել։ Շատ էր ցանկանում գոտեմարտել, բայց մենք մարզչական կազմով որոշեցինք չխորացնել այս վնացվածքը։

Արդեն օլիմպիական ուղեգիրը կա, այժմ պետք է ապաքինվել։ Ճիշտ է մեդալի գույնը մեր ուզած գույնը չէ, բայց ոչինչ անել չենք կարող։ Ավելի լավ է այս վիճակում գոնե փորձենք բուժել, որ հաջորդ տարվա սկզբից կարողանանք պատրաստվել Օլիմպիական խաղերին։ Այս պահին ճիշտ էր այս որոշումը, այլ ոչ թե դուրս գալ գորգ, ավելի խորացնել վնասվածքը եւ ընկնել ավելի վատ խնդիրների մեջ՝ թե ինչպես ենք հասցնելու մինչեւ Օլիմպիական խաղեր վերականգնվել։

Արթուրի տրամադրության մասին չխոսենք, ոչ մեկս տրամադրություն չունենք։ Կգնանք Հայաստան եւ բժիշկների հետ կհասկանանք՝ ինչպես ենք հնարավորինս արագ բուժել Արթուրին»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը։

Նուրսուլթանում տեղի ունեցավ 97 կգ քաշային կարգի պարգեւատրման արարողությունը։ Արթուր Ալեքսանյանը նախ գորգ բարձրացավ եզրափակիչ գոտեմարտի մեկնարկին եւ հաղթանակը շնորհեց Մուսա Եվլոեւին։ Պարգեւատրման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը նախ դժվարությամբ խոնարհվեց արծաթե մեդալը պարանոցին կախելու համար, ապա պատվո հարթակից իջնելուց անմիջապես հետո հանեց արծաթե մեդալը։

Օլիմպիական չեմպիոնը NEWS.am Sport-ի հետ զրույցում միայն ասաց, որ տարբերակ չուներ այդպես գոտեմարտելու, քանի որ ցավը շատ էր խանգարում։ Արթուր Ալեքսանյանը դժվարությամբ է տեղաշարժվում, բայց այդ վիճակում «Բառիս Արենայում» որեւէ մեկի լուսանկարվելու խնդրանքը չմերժեց։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով