14:20  ,  16 սեպտեմբերի, 2019

Կարապետ Չալյան․ Նվաճեցի օլիմպիական ուղեգիր, բայց դա իմ գլխավոր նպատակը չէ այս ԱԱ-ում (ֆոտո)

Նվաճեցի օլիմպիական ուղեգիր, բայց դա իմ գլխավոր նպատակը չէ այս աշխահի առաջնությունում։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությում 77 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը, որը 1/4-րդ եզրափակիչում հաղթանակ տարավ եւ նվաճեց Տոկիո-2020 Օլիմպիկան խաղերի ուղեգիր։

«Բարդ գոտեմարտեր անցկացրի, հատկապես այս՝ 1/4-րդ-ն էր բարդ, բայց բոլոր 3-ն էլ կարողացա հաղթանակով ավարտել եւ նվաճել օլիմպիական ուղեգիր։ Բայց ինձ համար կարեւորը օլիմպիական ուղեգիր նվաճելը չէր, այլ եզրափակիչ դուրս գալը եւ ոսկե մեդալ նվաճելը։ Չեմ խոստանում ոսկե մեդալ, գորգը ցույց կտա»,- ասաց Կարապետ Չալյանը։

2016 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական երկրորդ խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանի պայքարը ազգային հավաքականում աշխարհի առաջնության մասնակցության հնարավորություն ունենալն էր եւ օլիմպիական ուղեգրի համար պայքարելը։ Քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 5։4 հաշվով ծանր հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախի նկատմամբ, 1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշվով պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոյին։ Կարապետ Չալյանը 1/16 եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեի Յաբիկուին։ Երեկոյան մրցահերթում՝ կիսաեզրափակիչում Չալյանը եզրափակիչի ուղեգրի կվիճարկի Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքս Միշել Բյուռբերգ Քեսիդիսի հետ։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով