18:23  ,  15 սեպտեմբերի, 2019

Սլավիկ Գալստյան․ Չեմպիոնության հետեւից էի եկել, բայց ուրախ եմ բրոնզե մեդալիս համար (ֆոտո)

Չեմպիոնության հետեւից էի եկել, բայց ուրախ եմ բրոնզե մեդալիս համար։

Այս մասին լրագրողների հետ զրույցում Նուրսուլթանում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը Ղազախստանի մայրաքաղաքից։

Հայաստանը ներկայացնող, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն Սլավիկ Գալստյանը նվաճեց Նուրսուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը 63 կգ քաշային կարգում (ոչ օլիմպիական)։ Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց իրանցի Մեյսամ Դալխանիի հետ եւ հաղթանակ տարավ 7։5 հաշվով։

«Մեծ դժվարությամբ տրվեց ինձ այս հաղթանակը։ Մեկ անգամ հաղթել էի իրանցի ըմբիշին, բայց այս գոտեմարտը սպասվածից ավելի դժվար ստացվեց ինձ համար։ Շնորհակալ եմ բոլորին, իմ բոլոր մարզիչներին այս հաղթանակիս եւ այս մեդալիս համար, բոլոր նրանց, ովքեր ինձ հետ աշխատել են եւ ինձ հետ են եղել այս ամբողջ ընթացքում։ Ճիշտ է՝ ես չեմպիոնության հետեւից էի եկել, բայց ստացվեց այսպես։ Ի վերջո, մեդալով կվերադառնամ Հայաստան։ Մարյանյանը ճիշտ է աշխարհի չեմպիոնն էր, բայց նրա հետ գոտեմարտս ինձ համար անհաջող ավարտվեց»,- ասաց Սլավիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում մրցել էր անցած տարվա աշխարհի չեմպիոն, այս տարվա Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն, ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանի հետ եւ պարտվել 2։3 հաշվով։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով