13:02  ,  15 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ․ Մեր հաղթանակը նվիրեցին Եգիպտոսի ըմբիշին (ֆոտո)

Մեր հաղթանակն ուղղակիորեն նվիրեցին Եգիպտոսի ներկայացուցիչին։ Հենց այսպես է լինում անարդար մրցավարությունը եւ հաղթանակ խլելը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Նուրսուլթանում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը՝ մեկնաբանելով Կարեն Ասլանյանի վիճահարույց պարտությունը 1/8-րդ եզրափակիչում։

Ղազախստանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 1/8-րդ եզրափակիչում պարտություն կրեց վիճահարույց մրցավարության հետեւանքով։

Գոտեմարտից հետո Կարեն Ասլանյանը դահլիճը լքեց խիստ զայրացած։ Նրան հետեւեց անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, իսկ միջանցքում մեծ խառնաշփոթ էր։ Հայաստանի հավաքականի մարզիչներն ու Կարեն Ասլանյանը զայրույթից քայլում էին միջանցքի երկայնքով՝ փորձելով ինչ-որ լուծում գտնել անարդարության դեմ։

«Ասելու ոչինչ չունեմ, հենց այսպես են խլում հաղթանակը։ Առանց զգուշացնելու, հենց այնպես Եգպիտոսի ներկայացուցիչին երկու միավոր նվիրեցին, որովհետեւ Կարեն Ասլանյանը հաղթում էր»,- Ասլանյանի գոտեմարտից հետո մարզադահլիճից հեռանալիս ասաց Էդուարդ Սահակյանը։

«Անարդար կերպով Կարենին ուղղակի թույլ չտվեցին հաղթել։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը տեսավ, թե ինչպես եգիպտացուն տվեցին երկու միավորը ու ոչինչ չբացատրեցին, չպատաճառաբանեցին։ Բողոքարկումը սրանց մոտ չի անցնում, ում բողոքարկես, ինչ բողոքարկես։ Դեռ մեկ միավոր էլ բողոքարկումը չբավարարելու համար ստացանք։ Այս ամենն ուղղակի անարդար է եւ սխալ։ Կարենը արժանի պայքար տարավ եւ արժանի էր քառորդ եզրափակիչում պայքարը շարունակել»,- նշեց Սամվել Գեւորգյանը։

1/8 երզափակիչում Կարեն Ասլանյանը առաջին մրցափուլում պարտվում էր 1։3 հաշվով։ երկրորդ մրցափուլում պարտեր դրության հնարավորություն ստացավ եւ հաշիվը հավասարեցրեց 3։3։ Գոտեմարտի վերջին 45 վայրկյանում մրցավարը երկու միավոր նվիրեց եգիպտացուն։ Հայաստանի կողմը բողոքարկեց։ Մրցավարը եւս մեկ միավոր նվիրեց եգիպտացուն՝ բողոքարկումը չբավարարելու համար՝ հաշիվը դարձնելով 6։3։ Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտել էր տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ եւ հաղթել ժամանակից շուտ 10։1 հաշվով։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով