10:36  ,  15 սեպտեմբերի, 2019

Արայիկ Բաղդադյան․ Սլավիկ Գալստյանն իր գոտեմարտը թելադրեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնին

Սլավիկ Գալստյանն իր գոտեմարտը թելադրեց աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանին։ Եթե այլ վայրում լիներ աշխարհի առաջնությունը, Սլավիկը դուրս կգար եզրափակիչ, ինչին նա իսկապես արժանի էր։  

Այս մասին ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։

NEWS.am Sport-ի թղթակիցը Արայիկ Բաղդադյանին հանդիպել է Նուրսուլթանի ճանապարհին՝ ինքնաթիռում։

Պարոն Բաղդադյան, ի՞նչ տրամարդությամբ եւ ակնկալիքներով եք մեկնում Նուրսուլթան։

Շատ լավ տրամադրությամբ եմ մեկնում։ Մեծ ակնկալիքներ ունենք այս աշխարհի առաջնությունից։ Մեդալների հույսեր ունենք ինչպես հունահռոմեականներից, այնպես էլ ազատ ոճայիններից։ Սպասում ենք մեդալների եւ օլիմպիական ուղեգրերի։

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող ըմբիշները պարտություններ ունեցան։ Ի՞նչ գնահատական կտաք Հայաստանի ներկայացուցիչների առաջին օրվա ելույթներին։

Սեպտեմբերի 14-ին գրեթե ամբողջ օրը հետեւել եմ մեր ըմբիշների մրցելույթներին։ Տղաների մասնակցությունը նորմալ էր, պարտություններն ունեին իրենց պատճառները։ Ինձ համար այսօր առանձնացրեցի 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանին։ Նա հրաշալի ելույթ ունեցավ եւ փայլուն պայքար մղեց Նուրսուլթանի գորգում։ Համառ ու կամային պայքարում դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ցավալի պարտություն կրեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ գոտեմարտում։

Ստեփան Մարյանյանը պատահական ըմբիշ չէ՝ Եվրոպայի, աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն եւ, բնական է, որ թեժ պայքար էր գնալու եզրափակիչի ուղեգրի համար։ Վստահ կարող եմ ասել, որ կիսաեզրափակիչում հավասար գոտեմարտ էր եւ հաղթողին որոշելն իրոք դժվար էր։ Եթե ուրիշ վայրում լիներ, կարծում եմ՝ ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Չեմ ցանկանում մրցավարությունը պատճառ բերել, այլ հանգամանքներ նշել․ սա հավասար գոտեմարտ էր։ Սլավիկն արժանի էր եզրափակիչ դուրս գալուն։

Իսկ սպասո՞ւմ էիք նման հաջող մասնակցություն Սլավիկ Գալստյանից։ Նա, թերեւս, ֆավորիտների թվում չէր եւ, նրա մեդալի հավակնությունների մասին մարզիչները չէին խոսում։

Սլավիկ Գալստյանը փորձառու ըմբիշ է, բայց անկեղծ կլինեմ, նման պայքար եւ հատկապես կիսաեզրափակիչում նման գոտեմարտ Մարյանյանի հետ ես չէի սպասում։ Ես մտածում էի, որ փորձի պակասն իր խոսքը կասի, բայց փաստացի, Սլավիկն իր գոտեմարտը թելադրեց Ստեփան Մարյանյանին։

Սլավիկ Գալստյանը դեռ պայքարի մեջ է։ Բրոնզե մեդալի սպասե՞նք։

Կարծում եմ Սլավիկը կկարողանա լավ գոտեմարտ անցկացնել եւ բրոնզե մեդալի համար պայքարել։ Եթե նա Ստեփան Մարյանյանի հետ այսպիսի փայլուն գոտեմարտ անցկացրեց, մեծ հույս ունեմ, որ սեպտեմբերի 15-ին նույն ոգով շարունակելու դեպքում նրան կհաջողվի բրոնզե մեդալ նվաճել։

Մյուս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչների մասին ի՞նչ կասեք։

Մալխաս Ամոյանին նաեւ կառանձնացնեմ։ Մալխասը պարտվեց մեծահասակների աշխարհի առաջնությունում փորձ չունենալու պատճառով։ Մալխաս Ամոյանի առաջին մասնակցությունն էր մեծահասակներում աշխարհի առաջնությանը եւ հենց դա էլ դարձավ գլխավոր պատճառը, որ նա պարտվեց քառորդ եզրափակիչում։ Բայց Մալխաս Ամոյանը նույնպես լավ գոտեմարտեր անցկացրեց, հատկապես մեկնարկում եւ 1/8-րդ եզրափակիչում։ Նա դեռ երիտասարդ է եւ իր խոսքը կասի մեծահասակներում։

Թե ինչու պարտվեց եւ պայքարը լքեց Մաքսիմ Մանուկյանը, չեմ կարող ասել։ Մաքսիմի մասնակցության գնահատականը կտա նրա անձնական մարզիչը, որը նույնպես մեզ հետ Նուրսուլթանում է։ Նորայր Հախոյանի մոտ չստացվեց։

Սեպտեմբերի 15-ին գորգ է դուրս գալու Արթուր Ալեքսանյանը եւ մեդալների մյուս հավակնորդները։ Ի՞նչ սպասել մրցումային երկրորդ օրից։

Արթուր Ալեքսանյանից ոսկե մեդալ ենք ակնկալում․ հենց այդ հույսով ենք բոլորս գնում Նուրսուլթան։ Մեդալի ակնկալիք կա նաեւ Կարեն Ասլանյանից։ Իրականում մեր բոլոր ըմբիշներն են մեդալների հավակնորդներ են։ Այդպես են գնահատում նաեւ հավաքականների մարզիչները։ Օրինակ՝ մեդալի հույս ունենք ազատ ոճում։ Մարզիչները հայտավորել են 6 ըմբիշի, դա նշանակում է առայժմ այդ 6-ը մեդալի եւ օլիմպիական վարկանիշների հնարավորություն ունեն։ Բոլորից էլ սպասում ենք, բայց Արթուր Ալեքսանյանից ոչ թե մեդալ, այլ ոսկե մեդալ ենք ակնկալում։ Բոլորս ուզում ենք Ղազախստանից հայրենիք վերադառնանք ոսկե մեդալով։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով