Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին իսպանական Sport-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Բարսելոնայից» իր հեռանալու մասին վերջերս մամուլում շրջանառվող լուրերին: Մեսին նաև վստահեցրել է, որ «Բարսելոնան» մեկնարկած մրցաշրջանում իր առաջ նպատակ է դրել հաղթել բոլոր մրցաշարերում, որին ակումբը մասնակցում է:
«Նախորդ մրցաշրջանը «Բարսելոնայի» անցկացրած լավագույն մրցաշրջաններից չէր, քանի որ ակումբը չկարողացավ հաղթել բոլոր մրցաշարերում:
Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ մենք նախորդ մրցաշրջանում այդքան էլ վատ հանդիպումեր չենք անցկացրել, եթե հաշվի մեջ չներառենք «Լիվերպուլի» հետ պատասխան հանդիպումն ու Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ «Վալենսիայի» հետ հանդիպումը:
Անձամբ ինձ նախորդ մրցաշրջանում հաջողվել է բազմաթիվ գոլերի հեղինակ դառնալ և անհատական մրցանակներ նվաճել, սակայն ինձ ավելի շատ հետաքրքրում են թիմային հաղթանակները»:
«Ես չեմ ցանկանում կենտրոնանալ «Ոսկե գնդակը» նվաճելու վրա: Երբ մենք թիմային մեծ հաջողություններ ենք գրանցել, ես արժանացել եմ այդ մրցանակին: Ինձ համար առաջնային են «Բարսելոնայի» հաղթանակները:
«Ոսկե գնդակը» նվաճելու հարցում մեծ դեր ունի Չեմպիոնների լիգան, աշխարհի առաջնությունը: Ես այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունք եմ համարում»:
«Սկսել եմ ինձ ավելի լավ զգալ: Չեմ ցանկանում ռիսկի դիմել և խաղադաշտ կվերադառնամ միայն այն ժամանակ, երբ ինձ լիովին առողջ զգամ: Սա լավ սկիզբ չէր մրցաշրջանի համար, քանի որ ես շատ էի ցանկանում մասնակցել մրցաշրջանի մեկնարկային հանդիպումներին:
Այժմ ակնհայտ է, որ ես չեմ կարողանա մասնակցել «Վալենսիայի» հետ խաղին: Ինչ վերաբերում է «Բորուսիայի» դեմ հանդիպմանը, մենք դեռ պետք է սպասենք:
Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու խաղադաշտ»:
«Անհանգստացած չեմ «Բարսելոնայի» գրանցած արդյունքներով: Մենք լավ հանդիպումներ ենք անցկացնում, սակայն թիմին չի հաջողվում արդյունավետ եզրափակել գրոհները:
Մեծ թվով ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով չեն մասնակցում հանդիպումներին: Նորեկները դեռևս լիովին չեն հարմարվել ակումբի մարտավարությանը, սակայն ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ կարգավորվելու է:
«Մեկնարկած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն առանձնահատուկ կարևորություն ունի ինձ համար:
«Բարսելոնան» երկար ժամանակ է, ինչ չի հաղթել այս մրցաշարում: Ես համաձայն եմ պարտվել Իսպանիայի առաջնությունում, սակայն հաղթել Չեմպիոնների լիգայում»:
«Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» մրցունակ կազմ ուներ, սակայն հիմա մենք էլ ավելի ենք հզորացրել թիմի կիսապաշտպանությունն ու հարձակումը: Գրիզմանն ու դե Յոնգը մեծ ձեռքբերումներ են ակումբի համար:
Վստահ եմ, որ մենք կարող ենք ճիշտ օգտագործել այն ֆուտբոլիստներին, որոնք գտնվում են մարզիչների տրամադրության տակ:
«Բարսելոնան» ունի այն կազմը, որը կարող է պայքարել ցանկացած գավաթի համար»:
«Դեմբելեն երիտասարդ, սակայն մեծ հեռանկար ունեցող հարձակվող է: Ես համոզված եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվելու է: Մեկնարկած մրցաշրջանը հրաշալի հնարավորություն է Դեմբելեի համար ցուցադրելու այն ֆուտբոլը, որը երկրպագուները սպասում են տեսնել նրանից:
Լիահույս եմ, որ վնասվածքները չեն խանգարի Դեմբելեին, ինչպես դա պատահեց նախորդ մրցաշրջանում»:
«Նպատակ ունեմ «Բարսելոնայում» հանդես գալ այնքան, որքան կկարողանամ: Այս ակումբն իմ տունն է, և ես ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ:
Զգում եմ, որ ֆիզիկապես դեռ կարող եմ օգտակար լինել թիմին: Ամբողջ ուժերս ներդնելու եմ ակումբի հաղթանակների հասնելու գործում:
Գումարն ինձ համար կարևոր չէ ֆուտբոլում: Հանուն գումարի ես երբեք որոշումներ չեմ ընդունել: Ինձ դուր է գալիս լինել հաղթող թիմի մի մասը»:
«Մեծ ցավով ենք տեղեկացել Էնրիկեի դստեր մահվան մասին: Սա նորություն էր, որը շոկի ենթարկեց բոլորին: Ամբողջ թիմով Էնրիկեների ընտանիքի համար այս ծանր պահին կանգնած ենք նրանց կողքին:
Աշխարհում անսպասելի կորուստներ շատ են տեղի ունենում, սակայն երբ դա պատահում է քեզ հարազատ մարդու հետ, դու չես կարողանում համակերպվել այդ կորստի հետ»:
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ: Չեմ կարող ասել, որ մենք ընկերներ ենք, քանի որ հանդես չենք եկել նույն ակումբում և չենք խաղացել կողք կողքի, սակայն երբ մենք հանդիպել ենք, միշտ ջերմ զրույցներ ենք ունեցել:
Իհարկե, կցանկանամ ընթրել Ռոնալդուի հետ և կարծում եմ, որ այդ ընթրիքը մոտ ապագայում տեղի կունենա»:
«Եթե Պույոլը վերադառնա «Բարսելոնա», դա հրաշալի ձեռքբերում կլինի ակումբի համար: «Բարսելոնան» ունի փիլիսոփայություն, և թիմի հետագա հաջողությունները կախված են այն մարդկանցից, որոնք կրողն են այդ փիլիսոփայության: Պույոլը հենց այդ մարդկանցից մեկն է:
Պույոլը մեծ պրոֆեսիոնալ է, և ես վստահ եմ, որ ակումբի մարզական տնօրենի պաշտոնում նա կարդարացնի ղեկավարության սպասելիքները»:
«Ես շատ ուրախ կլինեի, եթե Նեյմարին հաջողվեր վերադառնալ «Բարսելոնա»: Գիտեմ, որ ակումբը բանակցություններ էր վարում ՊՍԺ-ի հետ, որպեսզի վերադարձնի Նեյմարին, սակայն գիտեմ նաև, որ ՊՍԺ-ի հետ շատ դժվար է բանակցելը:
Նեյմարը ցանկություն ուներ վերադառնալ «Բարսելոնա», սակայն ցավում եմ, որ նրա տեղափոխությունը չստացվեց:
Այնուամենայնիվ, մենք հրաշալի կազմ ունենք և նույնիսկ առանց Նեյմարի կարող ենք կատարել ակումբի առաջ դրված խնդիրները»:
«Հաճախ եմ լսել, որ մարդիկ ասում են, թե ես մեծ ազդեցություն ունեմ «Բարսելոնայում» և կարողանում եմ այն օգտագործել իմ անձնական նպատակների համար: «Բարսելոնան» ունի նախագահ, իսկ ակումբը ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից: Երբեք ինձ թույլ չեմ տվել քննարկել ղեկավարության ընդունած որոշումները, առավել ևս՝ ազդել դրանց վրա:
Խաղադաշտում ամեն ինչ որոշում է մարզիչը: Ինչպես ես, այնպես էլ թիմի մյուս խաղացողները, ենթարկվում ենք ակումբի գլխավոր մարզիչին»:
«Ընտանիքն ամենակարևոր բանն է իմ կյանքում: Երջանիկ եմ, որ ունեմ հրաշալի որդիներ և կին, որին շատ եմ սիրում:
Անտոնելան մեծ դեր ունի իմ կյանքում: Նա նաև իմ ընկերն է, որն իմ կողքին է ամենադժվար պահերին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Լիոնել Մեսին ցանկանում է օգտվել «Բարսելոնայի» հետ պայմանագրում առկա այն կետից, որը հնարավորություն է տալիս արգենտինացի հարձակվողին անվճար հեռանալ ակումբից ցանկացած պահի: Նշվում էր, որ 32-ամյա հարձակվողը ցանկանում է տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ-Բոյզ», որտեղ իր առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում