18:04  ,  11 սեպտեմբերի, 2019

«Վալենսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

Իսպանական «Վալենսիայի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիային, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Վալենսիան» չի հայտնել Մարսելինո Գարսիային հեռացնելու պատճառները:

54-ամյա Գարսիային «Վալենսիայում» կփոխարինի Իսպանիայի Մ21 հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը:

Մարսելինո Գարսիան «Վալենսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2017 թվականին: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Վալենսիան» վերջին 2 մրցաշրջաններում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, իսկ նախորդ մրցաշրջանում՝ դարձել Իսպանիայի գավաթակիր՝ եզրափակիչում հաղթելով «Բարսելոնային»: 

Մեկնարկած մրցաշրջանում «Վալենսիան» Իսպանիայի առաջնությունում անցկացրած 3 խաղերից հետո 9 հնարավորից վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը:

«Վալենսիայի» հաջորդ մրցակիցն Իսպանիայի առաջնությունում կատալոնական «Բարսելոնան» է: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին «Կամպ Նոու» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում