20:35  +04,  8 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեկնաբանությունները Բոսնիայի նկատմամբ հաղթանակից հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Բոսնիա-Հերցեգովինայի թիմի նկատմամբ 4։2 հաղթանակից հետո մեկնաբանել են խաղը։

«Սխալներ եղան, բայց լավ պահերն ավելի շատ էին, այդ պատճառով էլ հաղթեցինք: Կարծում եմ՝ բոլորիս սպասելիքներն էլ արդարացան: Վերջում մի փոքր վնասվածք ստացա: Չէի ցանկանում կես ուժով խաղալ և նախընտրեցի փոխարինվել»,- նշեց Կամո Հովհաննիսյանը:

 «Բոլորիս տրամադրությունը շատ բարձր է: Կարծում եմ, որ ամբողջ հայ ազգին դուր եկավ մեր խաղը: Այսօր մենք արժանի էինք հաղթանակի: Խաղադաշտ մտնելուց մարզիչից դաշտի կենտրոնական հատվածը վերահսկելու հրահանգ էի ստացել»,- ասաց Արտակ Գրիգորյանը:

«Տպավորություններս շատ լավ են, շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս հաղթանակին: Բոսնիան հզոր թիմ է, որի կազմում ֆուտբոլիստներ են հանդես գալիս «Ռոմայից», «Յուվենտուսից», «Արսենալից»: Բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի հաղթանակ տարանք»,- մեկնաբանեց Էրիկ Վարդանյանը։

«Շնորհակալ ենք բոլոր երկրպագուներին` մեր կողքին լինելու համար: Խաղում էինք հաղթանակի համար և հասանք մեր նպատակին: Հաղթանակը կարևոր էր եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարը շարունակելու առումով: Բոսնիա-Հերգեգովինան լավ թիմ է, բաց մենք մրցակցին անակնկալի բերեցինք»,- նշեց Հովհաննես Համբարձումյանը:

 «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ: Մենք այստեղ խաղում ենք միայն մեր ազգի պատվի համար, մեր ժողովրդի համար: Կան մարդիկ, որ քննադատում են մեզ. պարզապես եղեք մեր կողքին:

Ինչ վերաբերում է խաղին, Հայաստանի առաջնությունից հետո դժվար է խաղալ Պյանիչի դեմ: Ինչ կարողանում՝ անում ենք: Շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց դարպասապահ Արամ Հայրապետյանը։

«Բոլորս շատ ուրախ ենք: Չենք ցանկանում խոսել Բոսնիայի մասին: Արժանի հաղթանակ տարանք: Մենք շատ մեծ նվիրում և կամք ցուցաբերեցինք այս հաղթանակին հասնելու համար»,- նշեց Գևորգ Ղազարյանը:

«Շատ լավ տպավորություններ ունենք: Շատ լավ սկսեցինք երկրորդ խաղակեսը: Գոլ խփեցինք, բաց թողեցինք, բայց կրկին կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ և Հայաստանին հաղթանակ պարգևել: Այսօր շատ լավ խաղացինք և մրցակցին շանս չտվեցինք»,- ամփոփեց Սարգիս Ադամյանը:

Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսնիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։

Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ