Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նախախաղային ասուլիսում խոսել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Իտալիայից կրած 1։3 հաշվով պարտության եւ Բոսնիա-Հերցեգովինա դեմ առաջիկա խաղի մասին։
«Թիմը շատ ուժ ծախսեց Իտալիայի հավաքականի դեմ խաղում: Կարծում եմ, որ վերականգնվել ենք: Ամեն ինչ ցույց կտա հանդիպումը:
Ճնշումը մարզչական կարիերայի մի մասն է կազմում, նշանակություն չունի, թե թիմն ինչ արդյունքներ է արձանագրում:
Դեռ չենք որոշել, թե որ հարձակվողը կփոխարինի բարձրահասակ և ուժային ֆուտբոլ դավանող Կարապետյանին վաղվա խաղում: Միգուցե, ցածրից կխաղանք: Մեր նպատակն անընդհատ կատարելագործվելն է:
«Համբուրգի» խաղացող Երջանիկ Ղուբասարյանը երեկ երիտասարդական հավաքականի կազմում խաղաց աջ պաշտպանի դիրքում: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է և առաջիկայում օգտակար կլինի նաև ազգային հավաքականին:
Այո, վաղվա խաղը մեծ նշանակություն ունի երկրորդ տեղի համար պայքարում: Կարևոր են բոլոր առաջիկա հանդիպումները: Եթե համախմբված և մեծ ցանկությունով գործենք, կկարողանանք դրական արդյունքի հասնել:
Արտակ Գրիգորյանի մարզավիճակից դժգոհ չեմ, նա մեծ ծավալի աշխատանք է կատարում: Էրիկ Վարդանյանը դեռ կստանա իր շանսը»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։
Սամվել Սուքիասյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում