16:43  +04,  6 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի մարզիչ․ Հույս ունեմ, որ տղաները պատվով հանդես կգան աշխարհի առաջնությունում

Աշխարհի առաջնությունից առաջ անցկացրած երկու հավաքներին հրավիրել էինք մյուս ֆեդերացիան ներկայացնող Կարեն Տոնականյանին եւ Գոռ Ներսիսյանին, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան պայքարել աշխարհի առաջնության ուղեգրերի համար, բայց նրանք չցանկացան մասնակցել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչներ Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 6-ին մեկնեց Եկատերինբուրգ, որտեղ սեպտեմբերի 6-22-ը կանցկացվի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Այն օլիմպիական վարկանիշային չէ:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում հանդես կգա 8 մարզիկով՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Վահան Ադիլխանյանն այժմ կատարում է հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները, քանի որ Եվրոպական խաղերից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը հրաժարական է ներկայացրել:

Պարոն Ադիլխանյան, ինչպե՞ս ընտրվեց կազմը եւ ի՞նչ փոփոխություններ կան քաշային կարգերում:

Աշխարհի առաջնության կազմն ընտրվել է Հայաստանի առաջնության արդյունքներով: Հիմնականում, այն բռնցքամարտիկներն են, որոնք Հայաստանի առաջնությունում հաղթող են դարձել: Բացառություն արվեց երկու քաշային կարգերում՝ 49 եւ 60:

Եթե նախկինում 10 քաշային կարգ էր, ԱԻԲԱ-ն քաշային կարգերը իջեցրեց 8-ի: Այս փոփոխությունները տեղի են ունեցել Եվրոպական երկրորդ խաղերից հետո: 49-ի փոխարեն Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը հանդես կգա 52 կգ քաշային կարգում: 60 կգ-ում ունեինք Հրայր Շահվերդյան, բայց ստացվում է, որ նա այլեւս չի կարող իր քաշում հանդես գալ: Քաշային կարգը փոխեց նաեւ Հովհաննես Բաչկովը եւ հանդես կգա 63 կգ քաշային կարգում:

Տղաները նոր քաշային կարգերում իրենց լավ են զգում: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունից առաջ այս փոփոխությունները տղաների վրա բացասական ազդեցություն չեն ունենա: Հովհաննես Բաչկովի համար այս 1 կգ-ի փոփոխությունը դրական կազդի:

Մյուս կողմը պարբերաբար դժգոհում էր, որ Հայաստանի առաջնությանը, հավաքներին չէին հրավիրվում: Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլին մասնակցելու հնարավորություն ունեցե՞լ են մյուս ֆեդերացիայի բռնցքամարտիկները, ԵԽ-ի մեդալակիրները:

Մենք հրավիրել ենք Կարեն Տոնականյանին եւ Գոռ Ներսիսյանին աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի երկու հավաքներին, բայց նրանք չեն եկել: Անձամբ եմ հրավիրել տղաներին, զանգահարել եմ նրանց մարզիչներին, մարզադպրոցներին եւ հրավիրել եմ աշխարհի առաջնության համար մասնակցել Ծաղկաձորի եւ «Օլիմպավանի» հավաքներին:

Սա եղել է ֆեդերացիայի նախաձեռնությունը, քանի որ ֆեդերացիայի ղեկավարությունը հանձնարարել էր՝ հավաքներին ընդգրկել արդյունք ցույց տված մարզիկներին առանց խտրականության, թե ով որ ֆեդերացիան է ներկայացնում: Նրանց մարզիչներն ինձ պատասխանել են, որ կքննարկեն եւ կարձագանքեն, բայց ոչ մի արձագանք նրանց կողմից չի եղել եւ չեն եկել հավաքների: Հավաքի մասնակիցների կազմն ընտրելիս ես չեմ նայել ֆեդերացիայի այս կամ այն կողմ: Թե ինչ պատճառով չմիացան եւ չպայքարեցին աշխարհի առաջնության ուղեգրի համար, տեղյակ չեմ:

Ինչո՞ւ հրաժարական տվեց հավաքականի գլխավոր մարզիչը, ի՞նչ պատճառաբանությամբ:

Ռուդիկ Մկրտչյանի հրաժարականն աշխարհի առաջնության շեմին իր բացասական ազդեցությունը կունենա հավաքականի վրա: Հրաժարականի պատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող: Եվրոպական խաղերից հետո նա նեկայացրեց հրաժարականի դիմումը: Հիմնական պատճառն այն էր, որ Եվրոպական խաղերի համար ընտրված կազմը չէր համապատասխանում այն կազմին, որը ներկայացրել էր մեր մարզչական շտաբը Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Նա ուղղակի չհամակերպվեց այդ ճնշումներին՝ որ գլխավոր մարզիչի ընտրած կազմը փոփոխվում է, Հայաստանի չեմպիոն դարձած տղաները զրկվեցին Եվրոպական խաղերին մասնակցելու հնարավորությունից: 

Ի՞նչ ակնկալիք ունեք աշխարհի առաջնությունից:

Լավ մարզումային փուլ ենք անցել, լավ մարզավիճակում են տղաները, թիմում կա լավ տրամադրություն եւ տրամադրվածութուն: Հույս ունեմ, որ լավ արդյունքներ ենք գրանցելու եւ տղաները պատվով են հանդես գալու աշխարհի առաջնությունում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ