19:28  ,  4 սեպտեմբերի, 2019

Լեոնարդո Բոնուչի․ Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ

Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երևանյան խաղից առաջ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին և պաշտպան Լեոարդո Բոնուչին պատասխանեցին լրագրողների հարցերին: Առաջինը խոսեց Բոնուչին։

«Կիելինիի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար, առողջություն ենք մաղթում Ջիորջիոյին: Սակայն, մենք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը:

Շատ լավ հիշում եմ 2012-ին տեղի ունեցած հանդիպումները Հայաստանի հավաքականի հետ: Դժվարությամբ կարողացանք հաղթանակ կորզել երևանյան խաղում, իսկ Նեոապոլում գրանցվեց 2:2 հաշիվը:

Դիտել ենք Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումները, ձեր ֆուտբոլիստները նաև կարողացան պարտության մատնել հույներին:

Պետք է ամենայն լրջությամբ մոտենանք առաջիկա հանդիպմանը և կենտրոնացած գործենք, քանի որ Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ: Իտալիայի հավաքականը սկսել է ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Այդպես սկսել են գործել նաև Սերիա Ա-ում: Սակայն, մենք ամենևին չենք մոռանում պաշտպանության մասին և բալանսավորված ֆուտբոլ ենք խաղում:

Բնականաբար, գիտեի Մխիթարյանի` «Ռոմա» տեղափոխության մասին: Հենրիխը բարձրակարգ ֆուտբոլիստ է, որին մենք մի քանի անգամ հանդիպել ենք խաղադաշտում: Վերջին անգամ խաղացել ենք միմյանց դեմ, երբ նա հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»: Իտալիայի առաջնությունում հարմարվելը հեշտ չէ, սակայն կարծում եմ, որ Հենրիխի պես բարձրակարգ խաղացողի համար դա խնդիր չի լինի»,- նշեց Բոնուչի:

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով