17:54  ,  4 սեպտեմբերի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանց․ Իհարկե, ոչ ոքին Իտալիայի դեմ լավ արդյունք կհամարվի

Իհարկե, ոչ ոքին Իտալիայի դեմ լավ արդյունք կհամարվի, ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպման նախօրեին տեղի ունեցած ասուլիսում։

«Իտալիայի հավաքականը ուժեղ թիմ է: Նշանակություն չունի, որ թիմում վնասվածքներ կան: Այո, Մանչինին սկսել է սերնդափոխությունը, սակայն դա մեծ ազդեցություն չունի թիմի խաղի վրա: Իտալացիներն ունեն արժանի փոխարինողներ:

Մեզ մոտ էլ է նմանատիպ գործընթաց կա: Վերջնական տեղեկություն չունեմ Յուրա Մովսիսյանից: Նա ակումբի փնտրտուքների մեջ էր: Սարգիս Ադամյանը շատ լավ մարզավիճակում է: Շատ ուժեղ թիմ է տեղափոխվել: Դեռ չի խաղացել «Հոֆենհայմի» հիմնական կազմում վնասվածքի պատճառով, սակայն գոլ է խփել երկրորդ թիմում: Նա դեռ իր շանսը կստանա:

Եթե կարողանանք չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը, լավ արդյունքի կհասնենք: Իհարկե, ոչ ոքին Իտալիայի դեմ լավ արդյունք կհամարվի: Արամ Հայրապետյանը նախորդ խաղերից առաջ էլ ակումբում պրակտիկայի պակաս ուներ: Կառլեն Մկրչյանն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղին: Արտյոմ Սիմոնյանին չենք հրավիրվել մեծ մրցակցության պատճառով: Իսկ Գոռ Մալաքյանին ցանկանում էինք հրավիրել, սակայն նա պետք է կարողանա ավելի զուսպ գտնվել խաղերի ժամանակ և ավելի քիչ դեղին քարտ ստանալ:

Մոտ երկու ամիս առաջ Արթուր Վանեցյանը նշել էր, որ մեր ֆուտզալի հավաքականը պետք է հաղթի Իտալիայի թիմին: Այդպես էլ եղավ: Պետք է փորձենք կրկնել այդ հաջողությունը:

Հարսանեկան արարողության պատճառով նախորդ խաղերը բաց թողած Անդրե Կալիսիրը շատ նվիրված է ազգային հավաքականին: Իսկ Բալեկյանն ակումբում խաղում է եզրային հարձակվողի դիրքում: Այս դիրքում մեկ ավելի ուժեղ թեկնածուներ ունենք այս պահին: Շուտափույթ առողջություն եմ մաղթում Մարկոս Պիզելիին: 34 տարեկանում այդպիսի ծանր վնասվածքից հետո կարիերան շարունակելը մեծ կամային հատկանիշներ է պահանջում: Վահան Բիչախչյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որին մեծ ապագա է սպասվում: Ցանկանում էի հավաքին հրավիրել նաև գերմանական «Համբուրգում» հանդես եկող Մ-19 հավաքականի ֆուտբոլիստ Երջանիկ Ղուբասարյանին»,- նշեց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հայաստանի հավաքականը Իտալիայի թիմին կընդունի սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի 20։00-ին։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով