Վերջին օրը իմացա, որ տեղափոխվում եմ «Ռոմա», ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում։
«Տեղափոխվեցի մի տեղ, որտեղ ավելի շատ վստահություն կունենամ մարզիչի կողմից և ավելի շատ խաղաժամանակ կստանամ:
Կխնդրեմ ավելի շատ հարցեր ուղղեք Հայաստանի հավաքականի մասին: Իտալիայի ներկայիս հավաքականը տարբերվում է նախորդ հավաքականներից, որոնց դեմ խաղացել ենք:
Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերահսկենք խաղը: Կանենք առավելագույնը, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ և դրական արդյունք արձանագրել: Կարելի է ասել, որ Իտալիան մեր խմբի ամենաուժեղ թիմն է:
Մնացած հավաքականները, այդ թվում նաև մենք, կփորձենք պայքարել երկրորդ տեղի համար: Մեր խմբում նույնիսկ Լիխտենշտեյնը կարող է միավորներ կորզել։ Ֆուտբոլը խաղում են ուղեղով, այլ ոչ միայն ոտքերով: Պետք է անես ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինես անցկացնել ամբողջական հանդիպում:
Վերջին շրջանում «Արսենալում» 90 րոպե չէի անցկացնում, սակայն հիմա լիովին պատրաստ եմ, քանի որ մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվում էի»,- նշեց Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին եւ կմեկնարկի 20։00-ին։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում