14:33  ,  3 սեպտեմբերի, 2019

Էդուարդ Սահակյան․ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել է թիմի հետ շարունակել մարզումային այս փուլը

Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Էդուարդ Սահակյանը աշխարհի առաջնության կազմը հայտարարելուց հետո լրագրողների հետ խոսել է հավաքականում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին:

«Արդեն մեկ շաբաթից ավելի մարզումներ ենք անում առանց Լեւոն Ջուլֆալակյանի. նրա բացակայությունը զգացվում է: Նախկինում 4-ով էինք աշխատում, փաստորեն, մնացինք 3-ով: Ճիշտ է՝ ասում են՝ իմ պատասխանատվության տակ է թիմը, բայց այս պահին 3-ով ենք եւ միասին անում ենք ամեն ինչ, որպեսզի այս իրադարձությունները չանդրադառնան մեր արդյունքների վրա: Շատ կուզենայինք 4-ով անցնել այս ճանապարհը, շարունակել մեր աշխատանքը, բայց եղավ այն, ինչ եղավ:

Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել է թիմի հետ շարունակել մարզումային այս փուլը: Դա նրա ցանկությունն էր: Նա այդպես որոշեց Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո:

Չեմ ցանկանա անդրադառնալ իրադարձությունների պատճառներին, քանի որ բոլորը դրանց մասին մեզանից լավ գիտեն: Ինչ վերաբերում է Ստայկիում տեղի ունեցած ստուգողական գոտեմարտին, որոշումը ֆեդերացիայինն էր, որ այդկերպ որոշվի 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչին: Գոտեմարտը որոշեց, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Կարապետ Չալյանը:

Մեր աշխատանքը այնպիսին չէ, որ ինչպես նախապես պլանավորում ենք, կամ գրում, ըստ դրա կատարենք: Սա անհատական մարզաձեւ է, եւ լինում են պահեր, որ պետք է ըմբշամարտի ֆեդերացիայի կանոններին համապատասխան մարզիչների, ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի հետ համատեղ ուժերով մեկ այլ որոշում կայացնենք եւ դրանով առաջնորդվենք:

Տվյալ դեպքում՝ 77 կգ քաշային կարգում այդպես որոշվեց, որ պետք է ստուգողական գոտեմարտ անցկացվի եւ հաղթողին տրվի աշխարհի առաջնության մասնակցելու հնարավորություն: Այն, որ թիմի անդամները՝ մարզիկները միջամտեցին ստուգողական գոտեմարտ անցկացնելու հարցում, նորմալ է: Երբեմն նման պահեր լինում են: Այսպիսի իրավիճակ միայն մեր թիմում չի եղել. մյուս թիմերում էլ են եղել: Տվյալ պահին սա էր իրավիճակը, այս պահին այսպես լուծվեց հարցը: Մարզիչներիս համար իրականում տարբերություն չկար, թե ով պետք է աշխարհի առաջնությունում ներկայացնի 77 կգ քաշային կարգը: Ստայկիում գոտեմարտի ժամանակ էլ տարբերություն չկար՝ ով հաղթեր, նա էլ պետք է մասնակցեր: Հույս ունեմ, որ հավաքականում տեղի ունեցած իրադարձությունները չեն անդրադառնա հավաքականի ելույթների վրա. ժամանակը ցույց կտա՝ անդրադարձավ, թե ոչ: Տեղյակ չեմ՝ Արեն Ջուլֆալակյանը հետագայում կմարզվի հավաքականի հետ, թե ոչ: Գուցե նաեւ մարզվի: Նոյեմբեր-դեկտեմբերին կանցկացնենք Հայաստանի առաջնությունը եւ ըստ արդյունքների պարզ կլինի, թե ով կլինի հավաքականում, ով՝ ոչ:

Միհրան Հարությունյանից այս պահին որեւէ տեղեկություն չունեմ եւ տեղյակ չեմ նա փորձելու է իր ուժերը հավաքականում, թե ոչ»,- ասել է Էդուարդ Սահակյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-23ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում կայանալիք աշխարհի առաջնությունում գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը հայտավորել է Նորայր Հախոյանին (55 կգ), Գեւորգ Ղարիբյանին (60 կգ), Սլավիկ Գալստյանին (63 կգ), Կարեն Ասլանյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (72 կգ), Կարապետ Չալյանին (77 կգ), Մաքսիմ Մանուկյանին (82 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս