02:13  ,  30 օգոստոսի, 2019

Պողոս Գալստյան․ «Արարատ-Արմենիան» այս տարի պատմություն կերտեց

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժից» կրած պարտությունից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը շնորհակալություն է հայտնել թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, երկրպագուներին։

«Հարգելի հայրենակիցներ, ցավոք սրտի, այս տարի մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ակումբի սեփականատեր պարոն Սամվել Կարապետյանին` հայկական ֆուտբոլում իր ներդրման և ֆուտբոլը հայերիս համար կրկին տոն դարձնելու համար:

Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և մյուս տարի արդեն իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»,- Պողոս Գալստյանի խոսքը փոխանցում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Լյուքսեմբուրգում տեղի ունեցած խաղում «Արարատ-Արմենիան» հիմնական ժամանակում պարտվեց 1։2 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։ Հետխաղյա 11 մետրանոցներով «Դյուդելանժը» հաղթեց 5։4 հաշվով։ Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով