01:51  ,  30 օգոստոսի, 2019

Վարդան Մինասյան․ Ցավալի էր պարտվել և պայքարից դուրս մնալ այս կերպ

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» 11-մետրանոց հարվածաշարում պարտվելուց հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Շնորհավորում եմ «Դյուդելանժին»` հաղթանակի կապակցությամբ: Եթե նայենք, թե որտեղից որտեղ ենք հասել, կհասկանանք, որ մեծ աշխատանք ենք կատարել: Շնորհակալությում եմ հայտնել տղաներին հանդերձարանում: Մեծ աշխատանք կատարեցինք նաև այս խաղում: 11-մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է:

Ցավալի էր պարտվել և պայքարից դուրս մնալ այս կերպ: Սակայն, առաջին տարվա համար բավականին լավ եվրագավաթային մրցաշրջան անցկացրեցինք: Ցավոք, չստացվեց դուրս գալ խմբային փուլ: Աստիճանաբար կողմնորոշվում ենք, թե որ ֆուտբոլիստներն են համապատասխանում մեր չափանիշներին և ում հետ կշարունակենք համագործակցել:

Սամվել Կարապետյանը չի խոսել ֆուտբոլիստների հետ խաղից առաջ և հետո, ավելի շատ մեզ հետ է կապի մեջ: Ցանկանում եմ նշել, որ մեր ակումբի սեփականատերը շատ լավ աջակցում է թիմին, ոչ մի բանի կարիք չունենք»,- նշեց Մինասյանը:

Լյուքսեմբուրգում տեղի ունեցած խաղում «Արարատ-Արմենիան» հիմնական ժամանակում պարտվեց 1։2 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։ Հետխաղյա 11 մետրանոցներով «Դյուդելանժը» հաղթեց 5։4 հաշվով։ Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2։1 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Սամվել Սուքիասյան՝ Լյուքսեմբուրգից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով