23:47  ,  29 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (Live, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում մրցում է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։ Պայքարը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հիմնական ժամանակում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան դաշտի տերերը։ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։

Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» ստադիոնում առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում էր երեւանյան թիմը։ 21-րդ րոպեին հայկական թիմը ստացել էր 11 մետրանոցի իրավունք, սական ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո լյուքսեմբուրգցի դարպասապահ Ժոնատան Ժուբերը սեյվ կատարեց։ 24-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման Կոբյալկոյի փոխանցումից հետո առաջ մղեց Հայաստանի չեմպիոններին։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը։ Դաշտի տերերից 11 մետրանոցը հստակ իրացրեց լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Դանել Սինանին, որը 72-րդ րոպեն խփեց նաեւ երկրորդ գոլը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու Երեւանի «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը նույնպես Լյուքսեմբուրի «Ժոզի Բարտել» ստադիոնում էին։

«Արարատ-Արմենիան» Երեւանում հաղթել էր 2։1 հաշվով։

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, պատասխան խաղ

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1 (առաջին խաղ՝ 1։2)

Դանել Սինանի, 48, 11մ, 72 - Մաիլսոն Լիմա, 24

Չիրացրած 11մ՝ Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»), 21

«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով, Ռոշդի Աչենտե, Դմիտրի Գուզ, Անժելո Մենեզես, Գեորգի Պաշով, Կոջո Ալֆոնս, Արմեն Համբարձումյան (Իլյա Անտոնով, 84), Գոռ Մալաքյան (Պետրոս Ավետիսյան, 56), Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Անտոն Կոբյալկո (Լուիս Օգանա, 75)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով