21:38  ,  28 օգոստոսի, 2019

Վարդան Մինասյան. Ագրեսիվ ենք գործելու եւ ձգտելու ենք զարգացնել հաջողությունը

Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի (փլեյ-օֆֆ) պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»:

Խաղին ընդառաջ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը պատասխանեցին լրագրողների հարցերին, Լյուքսեմբուրգից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Այս խաղում ոչ ոքի արդյունքով չենք բավարարվելու: Ագրեսիվ ենք գործելու և ձգտելու ենք զարգացնել հաջողությունը և հաղթանակ տանել: «Դյուդելանժը» լավ տպավորություն թողեց երևանյան խաղում: Թիմը գնդակով լավ է խաղում: Չի կարելի իրենց ժամանակ և տարածություն տալ:

Այո, առաջին խաղից առաջ նշել էի, որ «Դյուդելանժն» ավելի մեծ եվրագավաթային փորձ ունի, սակայն դիմակայությունում շանսերը 50/50 են: Առաջին խաղում էլ վատ տեսք չունեինք ֆիզիկապես: Միգուցե առաջին 5-10 րոպեներին որոշակի լարվածություն կար ֆուտբոլիստների մոտ, սակայն հետագայում ամեն ինչ կարգավորվեց:

Այսպիսի խաղերից առաջ պետք չէ չափից շատ տրամադրել ֆուտբոլիստներին, որպեսզի դա հակառակ ազդեցություն չունենա»,- նշեց Մինասյանը:

Ֆուրջել Նարսինգը կարծում է, որ թիմը կարող է պատմություն կերտել․

«Լիովին կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա և ցանկանում ենք հանդես գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Առաջնությունն ու եվրագավաթային փորձը մեծապես տարբերվում են: Եվրագավաթային խաղերը բոլորովին այլ հույզեր են առաջացնում»:

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Երևանյան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթել է 2:1 հաշվով: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հովանավորն է «Տաշիր Գրուպը»։

Սամվել Սուքիասյան՝ Լյուքսեմբուրգից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով