19:14  +04,  25 օգոստոսի, 2019

Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է

Շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ, 33-ամյա գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը մեկնաբանել է շախմատի Հայաստանի չեմպիոն, միջազգային կարգի վարպետ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպը:

Ադրբեջանցի գրոսմայստերը ոչ պաշտոնական պատասխան նամակով դիմել է Մարիա Գեւորգյանին՝ թողնելով բացատրական մեկնաբանություն հայ շախմատիստուհու ֆեյսբուքյան հրապարակման տակ:

Ըստ Գադիր Գուսեյնովի, կատարվածի մեղավորությունը կազմակերպիչ կողմինն է՝ Թուրքիայինը:

«Բարեւ Մարիա: Երեկ ես ծանոթացա այս միջադեպին եւ շուրջ 3 ժամ ուսումնասիրեցի այս պատմությունը: Ես խոսեցի մրցաշարի խաղացողների, մրցաշարի հիմնական կազմակերպիչների եւ տնօրենի հետ, իմ ֆեդերացիայի հետ: Սա լիովին կազմակերպիչների մեղքն է եւ սադրանք է: Ես լիարժեք տեղեկատվություն ունեմ այս պատմության մասին: Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան կապ է հաստատել Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի հետ եւ բողոքել կազմակերպիչներից:

Թուրքիայի շախմատի ֆեդերացիան խոստացավ զբաղվել այս իրավիճակով: Ըստ իմ տեղեկությունների, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնել է այնտեղ: Ադրբեջանցի խաղացողները ոչ մի խնդրագիր չեն ստորագրել: Կար միայն մեկ էլեկտրոնային նամակ խաղացողից, որը ՖԻԴԵ վարկանիշով 1709 է: Սա փաստաթուղթ չէ կամ հատուկ ինչ-որ բան: Եթե կազմակերպիչները լսում են մեկ խաղացողի հիմար խնդրանքը, որը FIDE վարկանիշով 1709 է (թեեւ ընդհանրապես նշանակություն չունի 1709-ն է, թե 2800-ը: ) նրանց համար դա մեծ ամոթ է եւ հստակ սադրանք: Ակնհայտ է, որ նրանք շահագրգռված չէին ապահովել իրեն խոստացած պայմանները ՝ ավիատոմսը եւ կացարանը, այդ պատճառով նրանք գտան դրանից օգտվելու լավ առիթ: Անկեղծ ասած, ես շատ զարմացած եմ, թե ինչու են մարդիկ կիսվում այս պատմությունով կամ մեկնաբանում այն, որովհետև դա զրոյական տեղեկատվություն է երկրորդ կողմից»,- գրել է ադրբեջանցի գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը։

Հիշեցնենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ