10:12  ,  25 օգոստոսի, 2019

ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցության հետ կապված միջադեպն արդեն լայն արձագանք է ստացել եւ մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպես նաեւ Հայաստանում: Արդեն տեղեկացրել էի, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին, որպեսզի ուսումնասիրվեր դեպքը: Արդեն ունենք պատասխան ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկիից»,- ասաց Մարիա Գեւորգյանը:

«ՖԻԴԵ-ն գործին ընթացք է տվել: Դեպքը մանրամասն ուսումնասիրվում է: Շուտով մեղավորները խստագույնս կպատժվեն»,- գրված է ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմլ Սուտովսկու պատասխանում:

Հիշեցնենք, որ Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանին մասնակցության հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից ադրբեջանցիների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ:

Մարիա Գեւորգյանին ընդունել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը նամակով դիմել է ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհուն մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով: Միջադեպին արձագանքել են նաեւ բազմաթիվ միջազջային լրատվամիջոցներ, այդ թվում եւ BBC-ի ռուսական ծառայությունը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով