13:32  ,  23 օգոստոսի, 2019

Կարապետ Չալյանը ԱԱ-2019-ի ուղեգրի համար գոտեմարտում հաղթեց Արսեն Ջուլֆալակյանին

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի երկրորդ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2016թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը:

Քիչ առաջ Բելառուսի Ստայկիի մարզաբազայում տեղի ունեցավ 77 կգ քաշայիններ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի եւ Կարապետ Չալյանի փորձամրցումը՝ աշխարհի առաջնության համար:

2:2 հաշվով ավարտված գոտեմարտում հաղթեց Կարապետ Չալյանը: Գոտեմարտի առաջին մրցափուլում Արսեն Ջուլֆալակյանը 2:0 հաշվով հաղթում էր, սակայն երկորդ մրցափուլում գցում հնարքով Կարապետ Չալյանը հավասարեցրեց հաշիվը: Գոտեմարտի ավարտին մրցավարի կողմից Կարապետ Չալյանը պասիվության համար նկատողություն ստացավ, սակայն պայքարն ավարտվեց Չալյանի հաղթանակով:

Այս փորձամրցումը նախատեսված էր աշխարհի առաջնության կազմի ընտրության համար: Գոտեմարտին հետեւում էին հավաքականի բոլոր անդամները: Կարապետ Չալյանի մարտավկան օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էր:

Գոտեմարտն ուղիղ եթերում հեռարձակվեց Արթուր Ալեքսանյանի Ինստագրամի պաշտոնական էջում:

Սա Արսերն Ջուլֆալակյանի եւ Կարապետ Չալյանի չորրորդ գոտեմարտն էր: Նախորդ 3 գոտեմարտերում նույնպես հաղթել էր Կարապետը: Չալյանը հաղթանակ էր տարել 2018 թվականին Վարշավայում անցկացված Վլադիսլավ Պետլյանսկու անվան հուշամրցաշարում (3:1), Հայաստանի առաջնության եզրափակիչում (5:3) եւ Կիեւի միջազգային մրցաշարում (2։0):

Հիշեցնենք, որ 2019 թվականի Եվրոպայի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ եւ նպատակ ունի պայքարել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմն այս օրերին աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքն է անցնում Բելառուսում: ԱԱ-ն օլիմպիական վարկանիշային է Տոկիո-2020-ի համար:

Օգոստոսի 27-ին Երեւանում օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասուլիսով հանդես կգա, որը նվիրված է լինելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում